Ֆլորիդայի նահանգի Պալմ-Բիչ շրջանի ոստիկանությունն անսովոր հանցագործություն է հետաքննում.   18-ամյա Մալահի Լավ-Ռոբինսոնն իրեն որպես արտոնագրված բժիշկ էր ներկայացնում եւ նույնիսկ կարողացել էր սեփական բժշկական կենտրոնը բացել  «Նոր ծնունդ, նոր կյանք» բարձրագոչ անվանումով:

Կլինիկայի կայքում ասված էր, որ անձնակազմը «հիվանդների բուժման համար ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ մեխանիկական մեթոդներ է գործածում», իսկ ինքը` Լավ-Ռոբինսոնը հավատացնում էր, թե պայքարում է երիկամների քաղցկեղի դեմ եւ մտադիր է իր կարճ կյանքի ընթացքում առավելագույն թվով բարի գործեր կատարել: 

Պարզվել է, որ ոչ անձնակազմի լուսանկարները, ոչ հիվանդների երջանիկ նկարներն ու գովաբանական արձագանքները կայքում իսկական չէին: Ինքը` պատանին համապատասխան բժշկական կրթություն չուներ:  Խաբեբային հաջողվել է բացահայտել հատուկ գործողության ընթացքում, երբ օրինապահ մարմինների աշխատակիցներից մեկը, որպես հիվանդ ներկայանալով,  «բժշկի» մոտ կոնսուլտացիայի է եկել:

Այժմ Մալահի Լավ-Ռոբինսոնին մեղադրանք է ներկայացվել առանց արտոնագրի բժշկական գործունեությամբ զբաղվելու համար: