Ինչպիսի՞ եղանակն է առավել վտանգավոր սիրտ-անոթային համակարգի համար` շո՞գ, թե ցուրտ: Ո՞ր եղանակին են ավելի հաճախակի գրանցվում սրտի հիվանդությունների սրացումներ:
Ինչպես նշել է սրտաբան Միքայել Ադամյանը, օդի ջերմաստիճանի ցանկացած փոփոխություն կարող է սիրտ-անոթային հիվանդությունների սրացում առաջ բերել, չէ՞ որ մարդկանց մեծամասնությունը կախվածություն ունի օդերեւութաբանական պայմաններից: Սակայն ցուրտ եղանակը, մասնագետի կարծիքով, այնուամենայնիվ շոգ եղանակից ավելի վտանգավոր է: Հարցն այն է, որ ցուրտ եղանակին անոթները նեղանում են, ջղակծկումներ են լինում, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների առաջացման եւ սրացման, ինչպիսին օրինակ սրտի իշեմիկ հիվանդությունն է:
Եղանակի փոփոխություններն ու օդի ջերմաստիճանի կտրուկ ցատկերը, ինչպես նշել է մասնագետը, կարող են խնդիրներ առաջացնել հիպերտոնիայով, սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ եւ այլ հիվանդություններով տառապողների մոտ: Ավելին, անոթների ջղակծկման հետեւանքով կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն սրտի, այլեւ ուղեղի արյան շրջանառության հետ կապված:
Սրտաբանի խոսքով, այս տարի ձմեռը համեմատաբար «կայուն» էր, եւ օդի ջերմաստիճանի կտրուկ ցատկեր չեղան, ինչն իհարկե լավ է սրտայինների համար: Սակայն, չնայած դրան, այս ձմեռ սրտաբաններին դիմելու հաճախությունը բավականին բարձր էր. ցուրտն ու ձյունն ամեն դեպքում իրենց գործն արեցին:
Մասնագետները խրոնիկական հիվանդություններով տառապողներին խորհուրդ են տալիս սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար առողջ կենսակերպ վարել, չծխել, ճիշտ սնվել, չխուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (եթե դրանք հակացուցված չեն), ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղամիջոցները, խուսափել ավելորդ ծանրաբեռնվածությունից եւ սթրեսից:






