Վերջին տարիներին բժիշկներն ավելի ու ավելի հաճախակի են խոսում այն մասին, որ շատ հիվանդություններ, այդ թվում` սիրտ-անոթային, «երիտասարդանում են». եթե ավելի վաղ դրանք հիմնականում ախտորոշվում էին տարիքով մարդկանց մոտ, այսօր մասնագետներին այցելում են սրտի եւ ուղեղի կաթված տարած երիտասարդ հիվանդներ:
Սրտաբան Միքայել Ադամյանը հաստատել է այդ միտումը: Այս տարի, նրա խոսքով, հայ բժիշկներն անսովոր դեպքի են բախվել. 36 տարեկան կնոջ մոտ սրտի կաթված էր գրանցվել: Բժշկական պրակտիկայում դա շատ հազվադեպ է պատահում. մանկածնական տարիքի կանայք շատ հազվադեպ են բախվում նման խնդիրների: Նրան ստենտավորում է արվել, եւ նա արդեն տուն է գնացել: Վերջերս սրտի կաթված էր տարել նաեւ 24-ամյա մի երիտասարդ, որին եւս «Stent for life» ծրագրի շրջանակում ստենտավորում էին արել:
Ինչո՞ւ են «երիտասարդանում» սրտի եւ անոթների հիվանդությունները:
Սրտաբանների կարծիքով, այդ խնդրին բախվում են շատ հին ազգեր: Հնարավոր է, իր դերն է խաղում այն, որ եթե մարդիկ սերնդից սերունդ ամուսնանում են համագյուղացիների հետ եւ ցեղում «թարմ արյուն» չի հայտնվում, սերունդների մոտ աճում է մի շարք հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը:
Ժամանակակից երիտասարդների կենսակերպը եւս իր դերն է խաղում: Օրինակ, մեր կյանքում շատ է սթրեսը, որը հանգեցնում է նրան, որ երիտասարդներն ավելի հաճախ են հիվանդանում, այդ թվում նաեւ` սրտի հիվանդություններով:
Բացի այդ, վնասակար սովորույթներն ասյօր անհամեմատ ավելի վաղ տարիքում են ի հայտ գալիս, քան անցյալում, այսօր մենք ավելի հաճախակի ենք փողոցում ծխող դպրոցականների տեսնում, ինչը վաղ թե ուշ անպայման կանդրադառնա նրանց առողջության վրա:
Մյուս կողմից, ինչպես նշել է մասնագետը, ուրախացնում է այն, որ ժամանակակից երիտասարդները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը եւ, օրինակ, ավելի հաճախակի են զբաղվում սպորտով: Դա ամենայն հավանականությամբ դրական կազդի ապագայում նրանց առողջության վրա:






