Հայաստանում հաշվառման է վերցված հոգեբուժական խանգարումներ ունեցող մոտ 50 000 մարդ: Իրականում նրանց թիվն ավելի մեծ է, եթե հաշվի ենք առնում, որ ոչ բոլորն են դիմում բուժօգնության: Այս մասին հոգեկան առողջության հարցերին նվիրված բաց դասախոսության ժամանակ ասել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Հաշվառման վերցված երեխաների թիվը 8000 է:

Այդ 50 000-ից մոտ 20 000-ը հաշմանդամ է: «Առհասարակ Հայաստանում հաշմանդամության կարգ ունի մոտ 200 000 մարդ, որոնց 10 տոկոսը հոգեկան խանգարումներով մարդիկ են»,- ասել է Արմեն Սողոյանը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ տեղեկություններով՝ Երկիր մոլորակի բնակչության մոտ 25 տոկոսը կյանքի ընթացքում բախվում է հոգեկան առողջության հետ կապված այս կամ այն խնդրին: «Այսինքն՝ ոչ ոք աշխարհի ոչ մի կետում, անկախ մաշկի գույնից կամ սոցիալական կարգավիճակից, ապահովագրված չէ հոգեկան խնդիրներից: Ցանկացած պոպուլյացիայում 3-7 տոկոսը ծանր հոգեկան խանգարումներ է ունենում: Ողջ աշխարհում բնակչության 1 տոկոսը տառապում է շիզոֆրենիայով», - ասել է նա:

Հոգեբույժը նշել է, որ ԱՀԿ կանխատեսումներով 2030թ. դեպրեսիան կդառնա հաշմանդամացման հանգեցնող համար առաջին պատճառը:

Արմեն Սողոյանը նաեւ հայտնել է, որ առաջին անգամ Հայաստանում ազգային մակարդակով 2015-2016թթ. դեպրեսիայի հետազոտություն է անցկացվել, որի արդյունքները կամփոփվեն մոտ ժամանակներս: