Դուք երեւի երեխա ժամանակ վախենո՞ւմ էիք այցելել ատամնաբույժի: Բայց բերանի խոռոչի հիգիենայի, ատամնաբույժի պարբերական այցելությունների եւ նորագույն  տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօր Ձեր երեխան չպետք է վախենա դրանից, ասում է ամերիկացի գրող Ջուլի Ռեւելենտը, ով մասնագիտացել է երեխաների դաստիարակության գործում, գրում է Fox News-ը:

Բայց ամեն դեպքում, երեխաները սովորաբար վախենում են այցելել ատամնաբույժի, որովհետեւ չգիտեն՝ ինչ սպասել այցից, ուստի պետք է նրանց նախապատրաստել:

Ըստ Paediatric Dentistry ամսագրում հրապարակված հոդվածի՝ եթե ընտանիքի անդամներից մեկը վախեցել է գնալ ատամնաբույժի, վախը հեշտությամբ փոխանցվել է ընտանիքի մյուս անդամներին:

Եթե Ձեր երեխաները վախենում են գնալ ատամնաբույժի, փորձեք ստորեւ բերված միջոցներից մի քանիսը.

Սկսեք երեխայի բերանի խոռոչը մաքրել փոքր տարիքից

Եթե նույնիսկ Ձեր երեխան դեռ ատամ չունի, պետք  է նրա լնդերը մաքրել հատուկ մանկական խոզանակով կամ մատի վրա փաթաթված մաքուր փափուկ կտորով: Այդպիսով երեխան վաղ տարիքում ատամների հետ կապված խնդիրներ չի ունենա, ասում է ամերիկացի կոսմետիկ ատամնաբույժ Բիլլ Դորֆմանը Բեւերլի-Հիլզից:

Երեխային ատամնաբույժի մոտ տարեք մինչեւ նրա մեկ տարին լրանալը

Մանկական ատամնաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս առաջին անգամ ատամնաբույժի այցելել, երբ երեխայի առաջին ատամներն են աճում կամ երբ նա մեկ տարեկան է: Վաղ տարիքում ատամնաբույժի այցելությունները երեխային կսովորեցնեն չվախենալ նրանցից եւ հետագայում կօգնեն կանխել ատամների հետ կապված խնդիրներն ու ատամնաբույժների նկատմամաբ վախը:

Խոսեք երեխայի հետ

Երեխայի հետ ատամնաբույժների մասին գիրք կարդացեք, բացատրեք, թե ինչ կանի ատամնաբույժը, դրական դեպք պատմեք Ձեր կյանքից:

Երեխայի հետ տանը փորձ կատարեք

Երեխային նստեցրեք բազկաթոռին կամ բազմոցին եւ ձեւացրեք, թե զննում եք նրա ատամները, որպեսզի նա իմանա՝ ինչպես իրեն պահի բժշկի մոտ:

Դա խաղի վերածեք

Ձեզ հետ վերցրեք երեխայի սիրելի գիրքը կամ խաղալիքը, որպեսզի նա իրեն ավելի հարմար զգա:

Դրականորեն տրամադրվեք

Անկախ այն բանից, թե ատամնաբույժի հետ կապված ինչպիսի անձնական փորձ ունեք՝ աշխատեք դրականորեն տրամադրվել, որպեսզի երեխային չվախեցնեք: Երեխայի ներկայությամբ ցավի եւ անհարմարության մասին մի խոսեք, ընդհակառակը՝ պատմեք նրան, թե ինչ առողջ ատամներ կունենա:

Ատամնաբույժի մոտ գնացեք նշանակված ժամից շուտ

DentalVibe Injection համակարգի հեղինակ բժիշկ Սթիվեն Գոլդբերգը խորհուրդ է տալիս կլինիկա գնալ նշանակված ժամից շուտ, որպեսզի երեխան ամեն ինչ սեփական աչքով տեսնի, խոսի աշխատակիցների հետ եւ համոզվի, որ վախենալու ոչինչ չկա:

Մանկական ատամնաբույժները հատուկ պատրաստվում են փոքր երեխաների հետ աշխատելու համար, նրանց գործիքներն ավելի փոքր են, իսկ կլինիկաները զարդարված են վառ նկարներով, այնտեղ խաղալիքներ կան: