Կենսականորեն անհրաժեշտ եւ կարեւոր դեղամիջոցների (ԿԿԱԴՄ) ռուսաստանյան արտադրողներն արդեն արտադրությունից հանել են 197 դեղամիջոց, եւս 160-ի թողարկումը կդադարեցվի մոտ ժամանակներս, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) նամակը, որը 2015-ի նոյեմբերին ուղարկվել է ՌԴ կառավարություն: ԴՀԾ-ի տվյալները հիմնված են Ռոսզդրավնադզորի տեղեկությունների եւ ռուսաստանյան 31 դեղագործական ընկերության հարցումների վրա: Խոսքը ԿԿԱԴՄ-ի ցուցակի դեղերի մասին է, որոնց գինը մինչեւ 50 ռուբլի է:

«Արտադրության դադարեցման հիմնական պատճառը հումքի եւ նյութերի վրա ծախսերի ավելացման հետեւանքով ցածր շահութաբերությունն է կամ անշահութաբերությունը», - ասված է նամակում: Արտադրությունից հանված դեղամիջոցների մի մասը էժան նմանակներ չունի. Դրանք կարող են չորս անգամ թանկ արժենալ: Որպես ելք, ԴՀԾ-ն առաջարկում է ԿԿԱԴՄ ցուցակում ընդգրկված էժան  (մինչեւ 50 ռուբլի) դեղամիջոցների միանվագ ավելացում 5 ռուբլով:

Էժան դեղամիջոցների արտադրողներին աջակցության անհրաժեշտությունը 2014-ին քննարկվել է կառավարությունում: Այդ ժամանակ Առողջապահության նախարարությունը, ԴՀԾ-ն, Մինպրոմտորգը, Սակագների դաշնային ծառայությունը, Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարությունները կառավարության որոշման նախագիծ մշակեցին ԿԿԱԴՄ ցուցակում ներառված դեղամիջոցների միանվագ 30 տոկոսանոց ինդեքսացիայի վերաբերյալ: Սակայն նախագիծը հավանության չարժանացավ «ավելացման անհիմն կերպով մեծ չափի պատճառով»: Ընդ որում, Մինպրոմտորգը եւ ռուս արտադրողների մեծամասնությունը հանդես է եկել գնային կարգավորման վերացման կամ էլ 80 տոկոսով ինդեքսացիայի օգտին:

Մինպրոմտորգի նոր առաջարկները, որոնց սպասում են մոտ ժամանակներս, կայանում են ԿԿԱԴՄ ցուցակում ներառված անշահութաբեր դեղամիջոցների արտադրողներին սուբսիդիաներ տրամադրելու մեջ: Առողջապահության նախարարությունն աջակցում է այդ տարբերակին: