Հայաստանը եւ Իրանը նախատեսում են առաջիկա տարիներին առողջապահության ոլորտում մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք կօգնեն բարելավել երկու երկրում հիվանդանոցային ծառայությունները եւ դեղերի շրջանառության ոլորտում համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնեն: Աշխատանքները կանցկացվեն երեք հիմնական ուղղություններով, որոնց մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
1. Հիվանդանոցային ծառայությունների զարգացում
Իրանական պատվիրակությունը առողջապահության փոխնախարար Ռասուլ Դինարվանդի ղեկավարությամբ, որն այժմ Հայաստանում է առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով, այցելել է Հայաստանի Վայոց Ձորի եւ Արարատի մարզի բժշկական կենտրոններ: Վայոց ձորում նախատեսված է նոր հիվանդանոց կառուցել, եւ իրանական կողմը, ինչպես նշել է փոխնախարարը, պատրաստակամություն է հայտնել մասնակցել դրան:
Հետագայում այդ կլինիկան կարող է առողջապահության ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման հրաշալի հարթակ դառնալ. օրինակ, իրանցի մասնագետները կարող են այդ կլինիկա գալ մեր մասնագետների հետ փորձի փոխանակման համար, եւ նրանց միջեւ կարող է մշտական կապ պահպանվել:
2. Դեղերի շրջանառության եւ արտադրության ոլորտում համագործակցություն
Իրանը դեղերի արտադրության ոլորտում բավական մեծ հնարավորություններ ունի. իրանական շուկայի դեղերի մոտ 80 տոկոսը երկրի ներսում է արտադրվում` որակյալ հումքի օգտագործմամբ եւ GMP ստանդարտներին համապատասխան: Դեղերի եւ պատվաստանյութերի գներն ավելի ցածր են, քան շատ այլ երկրներում արտադրվածներինը, այդ պատճառով Հայաստանի համար, որը շուկայի դեղերի ընդամենը 5 տոկոսն է արտադրում, կարող է շահավետ լինել Իրանից դեղամիջոցների ներմուծումը, մանավանդ որ դեղերը հարեւան երկրից ներմուծելն ավելի հեշտ է, քան անհամեմատ ավելի հեռու երկրներից: Հայաստանում արտադրված դեղերն իրենց հերթին կարող են հետաքրքրություն ներկայացնել իրանական շուկայի համար. մենք դեղամիջոցներ ունենք, որոնք Իրանը չի արտադրում եւ ավելի բարձր գներով ներմուծում է այլ երկրներից:
Իրանական կողմը կարող է հետաքրքրված լինել նաեւ Հայաստանում նոր դեղերի արտադրությամբ եւ փաթեթավորմամբ եւ դրանք Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ արտահանմամբ:
Ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, մոտ ժամանակներս կողմերը պատրաստվում են առավելագույնս հեշտացնել Իրանում հայկական դեղերի գրանցումը, իսկ Հայաստանում` իրանական:
3. Փորձի եւ գիտելիքների փոխանակում
Նախատեսվում է նաեւ ավելի սերտ համագործակցություն եւ փորձի փոխանակում իրականացնել Իրանի եւ Հայաստանի հիվանդանոցների եւ մասնագետների միջեւ, ինչպես նաեւ համատեղ գիտաժողովներ անցկացնել:
ԻԻՀ պատվիրակությունը Հայաստան իր այցի ընթացքում այցելել է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարան եւ հանդիպել ռեկտորի հետ: Մոտ ապագայում նախատեսված է ուսումնական գործընթացի կազմակերպման գործում փորձի փոխանակման, ինչպես նաեւ ուսանողների փոխանակման մի շարք ծրագրեր իրականացնել:
Իրանական առողջապահության համակարգը, շատ մասնագետների կարծիքով, ամբողջ աշխարհում ամենազարգացածներից եւ արդյունավետներից է. դա վերաբերում է եւ բժշկական հաստատությունների մակարդակին, եւ բժիշկների փորձին ու կրթության համակարգին: Հայաստանը, Սերգեյ Խաչատրյանի խոսքով, իրանական առողջապահական համակարգից վերցնելու շատ բան ունի: Օրինակ, Իրանում լավ կազմակերպված է շարունակական բժշկական կրթության գործընթացը. ամեն ամիս հիվանդանոցներում տարբեր թեմաներով քննարկումներ եւ գիտաժողովներ են անցկացվում, եւ այնտեղ ելույթ են ունենում ինչպես կլինիկայի մասնագետները, որոնք ներկայացնում են իրենց գիտական աշխատանքների արդյունքները, այնպես էլ այլ կլինիկաներից եւ այլ երկրներից հրավիրված մասնագետներ: Դա բժիշկներին հնարավորություն է տալիս գիտելիքներ եւ փորձ փոխանակել եւ անընդհատ աշխատել իրենց վրա ու կատարելագործվել: Ամեն կլինիկայում շարունակական կրթության հարցերով փոխտնօրեն կա, որը հենց զբաղվում է այդ ամբողջ գործընթացի կազմակերպմամբ: Այդ համակարգը շատ արդյունավետ է թվում, եւ գուցե Հայաստանին չէր խանգարի փոխառել դա:
Սակայն հայկական առողջապահության համակարգը եւս ուժեղ կողմեր ունի, որոնք հետաքրքիր են իրանցիներին: Հայաստանին, օրինակ, հաջողվում է շատ սահմանափակ ռեսուրսների եւ միջոցների առկայության պայմաններում լավ արդյունքներ տվող ծրագրեր իրականացնել: Օրինակ, Հայաստանում եւ Իրանում մայրական եւ մանկական մահացության նվազեցման ոլորտում միանման ծրագրեր են իրականացվում, սակայն հայերին հաջողվում է նույն արդյունքին հասնել անհամամետ ավելի փոքրաթիվ ռեսուրսների օգտագործմամբ:
Փոխնախարարի խոսքով, Հայաստանի եւ Իրանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության շատ հեռանկարային ուղղություններ կան, եւ այդ համագործակցությունը հավասարապես հետաքրքիր եւ շահավետ է եւ Հայաստանի, եւ Իրանի համար:






