ԱՀԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում ամեն տարի մոտավորապես մեկ մլն մարդ ինքնասպան է լինում: Սա նշանակում է, որ ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանություն է կատարվում: Այդ մասին հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ բաց դասախոսության ընթացքում հայտնել է Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը:
Նրա խոսքով, ինքնասպանություն գործողների 60 տոկոսը հոգեկան խանգարումներով է տառապում: «Ավելի շատ մարդ է ինքնասպան լինում, քան մեռնում են պատերազմներից եւ աղետներից», - ասել է նա` ընդգծելով, որ դա վառ ապացույցն է նրա, թե ինչ ողբալի հետեւանքների կարող են հանգեցնել չբուժված հոգեկան խանգարումները:
Նրա խոսքով, երբ ինքնաթիռը աղետի է ենթարկվում, ամբողջ համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռվում է այդ ողբերգության վրա, մինչդեռ անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր անձայն ու առանց աղմուկի ինքնասպանություն են գործում, եւ դա աննկատ է անցնում:
Դա, մասնագետի խոսքով, ազդանշան է առ այն, որ երկրների կառավարությունները պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնեն հոգեկան առողջության խնդիրներին:






