Առողջապահության ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել Հայաստանում բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման տեխնոլոգիաների հաջող ներդրմանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մոտ ապագայում Հայաստանում նախատեսված է Յոլյանի անվան Հեմատոլոգիայի կենտրոնում բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք բացել: Իսկ Իրանում, ինչպես նշել է փոխնախարարը, արդեն երկար տարիներ գործում է բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման 4 մեծ բաժանմունք, այդ պատճառով իրանցի մասնագետների փորձը կարող է շատ հետաքրքիր եւ օգտակար լինել Հայաստանի համար: Մասնավորապես, Իրանից կարող են բժիշկներ գալ Հայաստան, փորձի փոխանակում կատարել, իսկ հայ բժիշկները կարող են մեկնել իրանական կենտրոններ եւ տեսնել, թե նրանց մոտ ինչպես է կազմակերպվում աշխատանքը: Այդ ամենը կարող է օգնել Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

Բացի այդ, բարձր դեղաչափային քիմիաթերապիայի համար քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներ են օգտագործվում, որոնք Հայաստանը հիմնականում Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից է ներմուծում բավականին բարձր գներով: Իրանում սակայն, բավականին զարգացած է դեղերի արտադրությունը, իսկ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները այնտեղ եւս ներմուծվում են, ընդ որում որակով դրանք չեն զիջում այն դեղամիջոցներին, որոնք այսօր օգտագործվում են Հայաստանում, սակայն գներն ավելի ցածր են:

Եթե Հայաստանը կարողանա Իրանից քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներ ներմուծել ավելի ցածր գներով, այդ դեղամիջոցները կարելի կլինի օգտագործել ոչ միայն նոր բաժանմունքում, այլեւ քիմիաթերապիայի այլ բաժանմունքներում: