Քանի դեռ հոգեմետ դեղեր մշակված չէին, հոգեբուժական հիվանդանոցները գժանոց էին անվանում: Այդ մասին հոգեկան առողջության վերաբերյալ բաց դասախոսության ընթացքում հայտնել է Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը` ներկայացնելով հոգեբուժության անցած ուղին:
Նրա խոսքով, հոգեբուժությունը կայացման մի քանի փուլ է անցել: 18-րդ դարից մինչեւ 1960-ական թվականները ինստիտուցիոնալիզացիայի տարիներ էին` այդ նույն գժանոցների ժամանակները: Այդ ժամանակ համապատասխան բուժում գոյություն չուներ, այդ մարդկանց վարքն անկառավարելի էր եւ նրանց մեկուսացումը` նպատակահարմար:
Երբ 1950-ին ստեղծվեց առաջին հոգեմետ դեղը, սկսվեց ապաինստիտուցիոնալիզացիա: Ինչպես պարզաբանեց հոգեբույժը, այլեւս կարիք չկար նման հիվանդներին մեկուսի հաստատություններում բանտարկելու, որովհետեւ համարժեք բուժման դեպքում նրանց վարքը սկսեց քիչ տարբերվել այն մարդկանց վարքից, որոնք հոգեկան խանգարումներ չունեին:
«Ներկայիս տեխնոլոգիաների եւ դեղերի պայմաններում, հիվանդությունը ժամանակին ի հայտ բերելու եւ ճիշտ բուժելու դեպքում մարդկանց մեծամասնության վարքն ընդհանրապես չի տարբերվում խնդիրներ չունեցողնորի վարքից», - ասել է Արմեն Սողոյանը:
Նրա խոսքով, 1980-ից մինչեւ 2010-ականներն ընկած ժամանակահատվածը կարելի է կոչել վերականգնման ժամանակաշրջան, իսկ 2010 թվականից հոգեբուժությունը մտնում է սոցիալիզացիայի ժամանակաշրջան: Այսինքն խնդիրն այսօր ոչ միայն այն է, որ մարդուն չմեկուսացնեն, ոչ միայն այն, որ նրան բուժեն, այլեւ նրա սոցիալիզացիան է, ինչը այս կամ այն հոգեկան խանգարումներով մարդկանց հնարավորություն է տալիս լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ:
«Ժամանակակից Հայաստանի պայմաններում դա ոչ միշտ է հաջողվում, բայց մենք պիտի հենց այդ նպատակը հետապնդենք», - ասել է նա:
Արմեն Սողոյանը համեմատել է անցյալում, ներկայում եւ ապագայում հոգեբուժական ծառայությունների բովանդակությունները: Նա նշել է, որ անցյալը Հայաստանում դեռեւս ներկայի մաս է կազմում, բայց պետք է փոխել դա:
Այսպես, անցյալում հոգեբուժական խանգարումներով մարդկանց մեկուսացնում էին, այսօր մենք ուզում ենք նրանց ինտեգրել հասարակությանը: «Անցյալը բազմամահճակալ հիվանդանոցներն են, ապագան` համայնքային ծառայությունները: Անցյալը խարանն է. ով նման չէ մեզ, հալածանքի է ենթարկվում: Ապագան հանդուրժողականությունն է. ով նման չէ մեզ, նա եւս Աստծու ստեղծածն է: Անցյալում պատերնալիստական վերաբերմունք կար. բժիշկը վերին էակ է, նրա խոսքերն անվիճարկելի ճշմարտություն են: Ապագայում կլինի համագործակցություն հիվանդների եւ նրանց հարազատների հետ», - ասել է նա:
Արմեն Սողոյանի խոսքով, պիտի հոգեբուժությունից անցում կատարվի հոգեկան առողջության պահպանմանը: «Բայց որքան էլ մենք ջանանք, միեւնույն է, մարդիկ կհիվանդանան: Հետեւաբար, հիվանդանալու դեպքում մենք պիտի կարողանանք նրանց բավարար չափով բուժել, իսկ հետո փորձենք ներգրավել հասարակության մեջ», - ասել է նա:






