Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունիսին նախատեսվում է պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում, իսկ մինչ այդ, հանրապետության որոշ համայնքներում 2-6 տարեկան երեխաների շրջանում՝ անկախ պատվաստումային կարգավիճակից, նախատեսվում է իրականացնել եռավալենտ բերանային պոլիոմիելիտի միանվագ պատվաստում՝ պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով լիարժեք պաշտպանություն եւ անընկալություն ձեւավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
1995 թվականից Հայաստանի Հանրապետությունում պոլիոմիելիտի դեպքեր չեն արձանագրվում: 2002 թվականին Հայաստանը՝ ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվեց որպես պոլիոմիելիտից ազատ երկիր եւ առ այսօր պահպանում է այդ կարգավիճակը:
Երկրները համախմբվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության` պոլիոմիելիտ հիվանդությունն արմատապես վերացնելու նախաձեռնության շուրջ: Դեռեւս 2012 թվականի մայիսին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության 66-րդ համաժողովում ընդունվել է «Պոլիոմիելիտի արմատական վերացման» գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, պարտավորվել են մինչեւ 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Այս ռազմավարական ծրագրի համատեքստում, 2016 թվականի ապրիլին, ամբողջ աշխարհում պոլիոմիելիտի կենդանի եռավալենտ (1-ին, 2-րդ, 3-րդ շճատիպերով) բերանային պատվաստանյութը փոխարինվելու է երկվալենտ (1-ին եւ 3-րդ շճատիպերով) կենդանի բերանային պատվաստանյութով: Միաժամանակ, այն երկրները, որոնք ներկայումս օգտագործում են միայն բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ, պետք է իմունականխարգելման ազգային ծրագրերում ներդնեն ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով անընկալություն ապահովելու նպատակով:
Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն:
Աշխարհում միայն Աֆղանստանում եւ Պակիստանում դեռեւս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից վայրի պոլիովիրուսները պարբերաբար տարածվում են այլ երկրներ:






