Թաիլանդում մեկնարկել է դենգե տենդի դեմ առաջին պատվաստանյութի գրանցումը, որը մշակել էր ֆրանսիական Sanofi Pasteur ընկերությունը ՝ թաիլանդցի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է Թաիլանդի Պատվաստանյութերի ազգային ինստիտուտի տնօրեն Ջարունգ Մուանգչանան:

Պատվաստանյութը արդեն փորձարկվել է 9-45 տարեկան մարդկանց վրա ու ցույց է տվել 60 տոկոսանոց արդյունավետություն: Այն նաեւ գրանցվել է Ֆիլիպիններում, Մեքսիկայում ու Բրազիլիայում, ու այդ երկրներում դրա արդյունավետությւոնը նույնքան է ՝ 60 տոկոս: Սա իհարկե այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, բայց մասնագետները վստահ են, որ նույնիսկ նման պատվաստանյութը կարեւոր գործիք է վտանգավոր տենդի դեմ պայքարում:

«Նույնիսկ եթե այս դեղամիջոցի գործածումից հետո մարդը հիվանդանում էր դենգեով, ապա դեպքերի 80 տոկոսում պատվաստանյութն օգնում էր թեթեւացնել հիվանդության ընթացքը: Եթե դեղամիջոցն անցնի հավաստագրում, այն մեր երկրում հնարավոր կլինի ձեռք բերել ամենուրեք»,- նշել է Մուանգչանան:

Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալներով ամբողջ երկրի տարածքում գրանցվում է տենդով վարակվելու դեպքերի շատացում: Անցած տարի հիվանդացել էր 140 հազար մարդ: Այդ տենդից 126 մարդ էր մահացել, որոնցից մեկն էլ դերասան Տրիսադի «Պոր» Սախավոնգն է, որը մահացել էր դենգեի բարդացումներից:

Դենգեի տենդը վիրուսային ինֆեկցիա է, որը հիմնականում տարածված է արեւադարձային ու մերձարեւադարձային տարածաշրջաններում: Դրա ախտանիշներն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավերն ու գոտկատեղի ցավերը: Տենդի հեմորագիական տարբերակն ուղեկցվում է ուժեղ ներքին արյունահոսություններով, որոնց պատճառն արյունատար անոթների վնասվածքներն են: