Զիկա վիրուսի բռնկումների պարագայում, որոնք նորածինների մոտ միկրոցեֆալիա են առաջացնում, թույլատրված է հակաբեղմնավորիչների օգտագործումը, հայտնել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը: Միաժամանակ քահանայապետը կտրականապես մերժել է նույն դրդապատճառով աբորտի հնարավորությունը, տեղեկացնում է The Washington Post-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աբորտը բացարձակ չարիք է համարել, այնպիսի հանցագործություն, որը համարժեք է մաֆիայի արածին, եւ այն բնութագրել է որպես սպանություն, որի պարագայում մի մարդու կյանքից զրկում են մեկ ուրիշին փրկելու համար: Ինչ վերաբերում է հակաբեղմնավորմանը, քահանայապետի խոսքով, այն բացարձակ չարիք չէ, երբ խոսքը ներկայիս դեպքին նման դեպքերի է վերաբերում (երբ տեղի է ունենում պտղի ներարգանդային զարգացման համար կործանարար վիրուսի տարածում):
Նշենք, որ իր հարավամերիկյան շրջագայության ընթացքում Հռոմի պապը խնամքով շրջանցում էր Զիկա վիրուսի թեման, սակայն ստիպված էր մեկնաբանել իրավիճակը, երբ լրագրողներից մեկը նրան ուղղակի հարց տվեց: Միաժամանակ փետրվարի 16-ին Վատիկանն իր մտահոգությունն է ներկայացրել համաշխարհային առաջնորդների նամակների կապակցությամբ, որոնք Եկեղեցուն խնդրում էին մեծ քանակությամբ աբորտների թույլտվություն տալ:
Միաժամանակ Զիկա վիրուսի եւ ներարգանդային զարգացման արատների միջեւ կապը առաջվա պես հաստատված չէ գիտության կողմից: Կենտրոնական Բրազիլիայում դատարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է վարակման դեպքում օրինական եղանակով աբորտներ անցկացնելու թույլտվության մասին:






