Իդեալական արտաքինի վերաբերյալ կարծրատիպերը շրջապատում են ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Աշխարհի երկրների մեծամասնությունում համարվում է, որ կինը պիտի նիհար լինի, միաժամանակ ունենա փարթամ, գայթակղիչ մարմնաձեւեր: Իսկ տղամարդիկ գեղեցիկ են համարվում, եթե բարձրահասակ են, ուժեղ, առնական, փոքրիկ մորուքով:
Superdrug Online Doctors կազմակերպությունը փորձել է պարզել, թե ինչ տեսք պիտի ունենա տղամարդու իդեալական մարմինը աշխարհի 19 երկրի բնակիչների կարծիքով: Տարբեր երկրների գրաֆիկական դիզայներներին տղամարդու լուսանկար են տվել եւ ասել են, որ նրանք կարող է Ֆոտոշոփի օգնությամբ խմբագրել այն եւ ցույց տալ, թե այդ տղամարդն ինչ տեսք պիտի ունենար իրենց երկրում գեղեցիկ համարվելու համար:
Նախագծի հեղինակների խոսքով, իրենց հիմնական նպատակն է ցույց տալ, որ գեղեցկության ընկալումն ամեն տեղ տարբեր է, այդ պատճառով կարծրատիպերին համապատասխանել փորձելու փոխարեն, պետք է սեփական առողջության մասին մտածել. նախ եւ առաջ գնահատել առողջությունը, ոչ թե արտաքինը, եւ չամաչել սեփական մարմնից:















