«Դեղերի մասին» նոր օրենքը, որը վերջերս ընդունել են առաջին ընթերցմամբ, ի թիվս այլ բաների, ենթադրում է դեղերի ներմուծման եւ մեծածախ վաճառքի արտոնագրում: Թե ինչու է անհրաժեշտ արտոնագրել դեղեր ներկրողներին, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Սերգեյ Խաչատրյանը:
Բոլոր զարգացած երկրներում, ինչպես նշել է փոխնախարարը, արտոնագրման է ենթակա դեղի անցած ամբողջ շրջափուլը` արտադրությունից մինչեւ իրացում: Հայաստանում, սակայն, այդ օղակն ընդհատվում է. այստեղ արտոնագրվում է միայն արտադրությունը եւ դեղատներում վաճառքը, իսկ ներմուծման կազմակերպումը եւ մեծածախ իրացումը ամբողջությամբ եւ լիովին ներմուծողի խղճին են:
Խնդիրն այն է, որ շատ դեղեր պահպանման հատուկ պայմաններ են պահանջում, որոնց չպահպանման դեպքում դրանք կարող են փչանալ եւ կորցնել իրենց արդյունավետությունը: Արդյոք ներմուծողն ապահովում է դեղերի պահպանման եւ տեղափոխման անհրաժեշտ պայմանները: Առայժմ պետությունն այդ ամենի վերահսկման մեխանիզմներ չունի:
«Դեղը շատ բարդ «ապրանք» է, այն հատուկ վերաբերմունքի կարիք ունի, հատուկ գիտելիքների, տեղափոխման եւ պահպանման ճիշտ կազմակերպման: Դեղն ակնոց չէ, հեռախոս չէ. եթե անհամապատասխան պայմաններում պահվի, այն կարող է կորցնել արդյունավետությունը եւ մարդիկ կարող են տուժել դրա պատճառով», - նշել է փոխնախարարը:
Ներմուծողների եւ մեծածախ վաճառողների արտոնագրումը, նրա խոսքով, կօգնի անհրաժեշտ պայմաններ ապահովել դեղերի պահպանման եւ տեղափոխման համար, ինչի շնորհիվ դեղերը ֆաբրիկայից հիվանդի դեղադարակ հասնելիս չեն կորցնի իրենց արդյունավետությունը եւ չեն փչանա: Եթե որեւէ ընկերություն պատրաստվում է դեղ ներկրել, պիտի ապացուցի, որ կարող է ապահովել բոլոր պայմանները, եւ դա նշված կլինի նաեւ նրանց արտոնագրում:
Ինչ վերաբերում է փոքր ընկերություններին, որ դեղերի փոքր քանակություն են ներմուծում, արտոնագրումը պիտի նաեւ նրանց վրա տարածվի: Եթե նրանք պատրաստվում են ներմուծել այնպիսի դեղեր, որոնք անհրաժեշտ է տեղափոխել եւ պահել սառը խցիկներում, անհրաժեշտ կլինի, որ նրանք ունենան նման խցիկներ: Իսկ եթե ներմուծելու են պահպանման հատուկ պայմաններ չպահանջող դեղեր, նրանց անհրաժեշտ կլինի ունենալ հատուկ սանիտարական նորմերին համապատասխանող տարածքներ. թույլատրելի չի լինի դեղերը պահել ավտոտնակում, անվադողերի կողքին, ինչպես որ թույլ չի տրվի մի քանի արկղ դեղ տեղափոխել բաց թափքով բեռնատարով, որը նաեւ այլ ապրանքներ է տեղափոխում:
«Դրանք միջազգային ստանդարտներ են. մենք ոչ մի նոր բան չենք հորինել», - նշել է Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ դեղերի անվտանգության եւ արդյունավետության ապահովման համար վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի ներմուծման եւ մեծածախ առեւտրի արտոնագրում ներդնել:
Սերգեյ Խաչատրյանը նշել է նաեւ, որ արտոնագրման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տրանսպորտային միջոցների եւ պահպանման տարածքների առկայությունը, այլեւ մասնագետների, որոնք պիտի վերահսկեն այդ ամբողջ գործընթացը:






