Երեւանի Պետական Բժշկական Համալսարանում այսօր մեկնարկեց նյարդաբանության հարցերին նվիրված գիտաժողով, որը, ինչպես նշեցին կազմակերպիչները NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, անցկացվում է Հայաստանի համար բոլորովին նոր ձեւաչափով:

«Սա ոչ միայն փորձի փոխանակում է, այլեւ դասավանդման նոր մեթոդաբանություն», - նշեց Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Գիտաժողովի ընթացքում կլինիկական օրդինատորներն ու բժշկական համալսարանի բարձր կուրսերի ուսանողները միասին ներկայացնելու են հանրահայտ բժշկական The New England Journal of Medicine պարբերականում ընդգրկված ութ կլինիկական դեպք: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց նյարդաբանության ամբիոնի ասպիրանտ Ավետիս Ավետիսյանը, ներկայացվող դեպքերը բարդ են ու հազվագյուտ, եւ դրանց ուսումնասիրությունը շատ օգտակար փորձ կլինի ուսանողների եւ ապագա բժիշկների համար:

Նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը՝ այս գիտաժողովի գաղափարի հեղինակը, դասախոսություն է կարդալու «Չափավոր կոգնիտիվ խանգարումներ» (Mild cognitive impairment) թեմայով: Կոնֆերանսին հրավիրված է նաեւ Մյունխենի համալսարանից Միխաիլ Շտրուպպը, ով գլխապտույտների աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է: Նրա դասախոսության թեման է «Գլխապտույտների տարբերակիչ ախտորոշում եւ բուժում»:

Ինչպես նշեց Ավետիսյանը, գիտաժողովը անցկացվելուանգլերեն լեզվով, ինչը հնարավորություն կտա թե ուսանողներին, թե բժիշկներին հասկանալ, թե որքանով են նրանք տիրապետում լեզվին: Բացի այդ, ուսանողները կսովորեն, թե ինչպիսին պետք է լինի զեկույցը, իսկ պրոֆեսոր Մանվելյանի եւ պրոֆեսոր Շտրուպպի դասախոսություններից նրանք նոր եւ կարեւոր գիտելիքներ կքաղեն: