Սթենֆորդի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականները (ԱՄՆ) արյան նոր անալիզ են մշակել, որը թույլ է տալիս ախտորոշել տուբերկուլյոզը եւ որոշել, թե որքանով է վարակիչ դա: Անալիզը հիմնված է «գենետիկական ստորագրության վրա», որը հնարավոր է գտնել տուբերկուլյոզի ակտիվ վարակիչ ձեւ ունեցող հիվանդների մոտ:
Տուբերկուլյոզի ախտորոշման ավանդական մեթոդները հեռու են կատարյալ լինելուց: Մանտուի տուբերկուլյոզային փորձանմուշի միջոցով, օրինակ, անհնար է ակտիվ տուբերկուլյոզով հիվանդին տարբերել առողջացած հիվանդից կամ էլ նրանից, ում տուբերկուլյոզի դեմ պատվաստում են արել: Բացի այդ, տուբերկուլյոզի ավանդական մեթոդներով ախտորոշումը բավականաչափ ճշգրիտ չէ ՄԻԱՎ ունեցող հիվանդների մոտ: Առկա մեթոդներից ամենաճշգրիտը համարվում է խորխի անալիզը, բայց դա իրականացնելը հեշտ չէ, որովհետեւ մարդիկ չեն կարող ըստ հրահանգի միաժամանակ հազալ եւ թքել խորխը:
Նոր թեստի համար անհրաժեշտ է ընդամենը հիվանդի արյունը եւ դրա օգնությամբ հնարավոր է տուբերկուլյոզի ակտիվ ձեւ ունեցող հիվանդին տարբերել նրանից, ով պատվաստում է ստացել կամ էլ հիվանդության լատենտ ձեւով է վարակված:
Ինչպես նշել է պրոֆեսոր Պուրվեշ Հաթրին, մոլորակի բնակչության մեկ երրորդն իրականում տուբերկուլյոզով է վարակված, բայց նրանց միայն 10 տոկոսի (մոտ 240 մլն) մոտ է հիվանդության ակտիվ ձեւը զարգանում: Թեստը հավասարապես արդյունավետ է ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների պարագայում: Թեստի բացասական պատասխանը դեպքերի 99 տոկոսում հավաստի է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամեն տարի ամբողջ աշխարհում 9.6 մլն մարդու մոտ տուբերկուլյոզ են ախտորոշում, նրանցից 1.5 մլն-ը մեռնում է:
Այդ մասին տեղեկացնում է Lancet Respiratory Medicine ամսագիրը:






