Հելսինկիի եւ Ուուսիմա HUS-ի բժշկական շրջանի հիվանդանոցում այս տարվա սկզբին Ֆինլանդիայում եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներում   մարդկային դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն է իրականացվել:  

Նման վիրահատությունների կարիք ունեն մարդիկ, որոնք տուժել են ուժեղ այրվածքներից, կենդանիների կծոցից, այս կամ այն դեպքի հետեւանքով առաջացած ուժեղ խեղումներից:  Դեմքը վերցնում են այն դոնորից, որի ուղեղի մահն արձանագրվել է:  Միաժամանակ անհրաժեշտ է, որ եւ դոնորը, եւ նոր դեմքի տերը նույն սեռի եւ հասակի լինեն:  

Այդ գործընթացն ինքնին շատ բարդ է. Ֆինլանդիայում կատարված վիրահատությունն աշխարհում 35-րդն է դարձել: Առայժմ հայտնի չէ` դեմքն ամբողջությամբ է պատվաստվել, թե մասնակիորեն, ինչպես նաեւ` թե ով է դարձել դրա տերը: Ինչպես հաղորդում է   Helsingin Sanomat թերթը, բժիշկները նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռեւս մի քանի տարի առաջ, 2013-ին նրանք հայտնեցին, որ հիվանդների եւ դոնորների են փնտրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Դեմքի մասնակի փոխպատվաստման վիրահատությունը Ֆրանսիայում իրականացվել է 2005-ին, այդ ժամանակ ֆրանսուհի Իզաբել Դինուարին, որին կծել էր շունը, փոխպատվաստեցին քիթ, շրթունքներ եւ կզակ: Աշխարհում դեմքի առաջին ամբողջական փոխպատվաստումը բժիշկներն իրականացրեցին Իսպանիայում` 2010-ի մարտին: Բացի այդ, 2015-ի օգոստոսին ԱՄՆ-ում տեղի ունեցավ դեմքի փոխպատվաստման ամենալայնածավալ վիրահատությունը. հրդեհից տուժած Պատրիկ Հարդիսոնը ոչ միայն նոր դեմք ստացավ, այլեւ ականջներ եւ մազեր: