ԱՀԿ-ի տվյալների համաձայն, սեփական տանը վնասակար խառնուրդների առկայության հետ կապված հիվանդությունների պատճառով երկրագնդի վրա ամեն տարի 4,3 մլն մարդ է մահանում. ԱՀԿ-ի բացահայտած այդ փաստի մասին հիշեցնում է Medical News Today-ը:
Ինչպես հաղորդում է կայքը, ամերիկացի մասնագետները, որոնք զբաղվել են բնակելի տարածքներում օդի կազմության ուսումնասիրմամբ, պարզել են, որ յուրաքանչյուր տանը օդի պարունակությունը շատ անհատական է եւ կախված է մի շարք գործոններից:
«Բնակարաններում օդի տիպական նմուշ ուղղակի գոյություն չունի, յուրաքանչյուր տան մթնոլորտն իրենից ներկայացնում է տարբեր աղտոտիչների շատ բարդ, իր կազմությամբ անհատական եւ անընդհատ փոփոխվող կոկթեյլ, եւ դրանց բնակչի հակազդեցությունը եւս լիովին անհատական է», - պատմել են հետազոտողները:
Գիտնականների կարծիքով, մարդկանց բնակելի տարածքում մաքուր, թարմ օդ գրեթե չի լինում: Օրինակ, ամերիկացիների տների մթնոլորտում մասնագետներն առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող ավելի քան 900 քիմիական նյութ են հայտնաբերել: Փորձագետներն ընդգծում են, որ օդի աղտոտումն ավելանում է միջավայրի այնպիսի անբարենպաստ պայմաններում, ինչպիսիք են բարձր խոնավությունը կամ չորությունը, անբավարար օդափոխությունը, օդի չափից ավելի բարձր կամ ցածր ջերմաստիճանը:
«Երբեք չի հաջողվում ամբողջությամբ մաքրել տան օդը: Իրավիճակը կարող են թեթեւացնել օդի խոնավեցնողները, տան կանոնավոր խոնավ մաքրումը սովորական ջնջոցի օգնությամբ եւ հրաժարումը սովորական փոշեկուլներից, որոնք նպաստում են, որ փոշին օդ բարձրանա», - այսպիսին է խնդրի հետազոտողների կարծիքը:
Նրանք հիշեցրել են, որ ժամանակակից բնակարաններում ներքին հարդարանքի շատ առարկաներ (պլաստիկե պատուհանները, գորգային ծածկոցները, բազմապիսի փափուկ կահույքը) ընդամենը ոչ անհրաժեշտ եղանակով նպաստում են մթնոլորտում վնասակար նյութերի ավելացմանը: Բնակարաններում օդի աղտոտման գործում իրենց ներդրումն ունեն նաեւ մաքրող միջոցները, որոնցից թունավոր նյութեր են գոլորշիանում: Փորձագետները խորհուրդ են տվել տների մաքրման համար օգտագործել այնպիսի բնական բաղադրիչներ, ինչպիսիք են սոդան կամ կիտրոնի հյութը եւ քացախը: Իսկ որպես բնակարանները մաքրելու ամենալավ միջոց նրանք նշել են սովորական օդափոխումը:






