ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Քննարկման առանցքում էին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքերի եւ դեղերի ներկրմանը վերաբերող հարցերը:

Նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ  բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է մարզային եւ ՀՀ ԱՆ ենթակայության բժշկական հաստատություններին:

Հարութ Սասունյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում  եւս շարունակել համագործակցել զարգացման հստակ ծրագրերով:

Նշվեց, որ  մարդասիրական ճանապարհով ներկրվող  սարքավորումներն առաջին հերթին նպաստում են մեր երկրում բժշկական օգնության որակի բարելավմանը:  Որակյալ սարքավորումների մի խմբաքանակ էլ նախորդ տարվա վերջին բաշխվել է հայաստանյան բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. գարնանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ:

Արդյունավետ համագործակցության եւ հայրենանվեր գործունեության համար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց նաեւ ԱՄՆ-ում 34 հիվանդանոցներ ղեկավարող «Prime Healthcare Management Inc» միության նախագահ Մայք Սարյանին:

Անդրադարձ կատարվեց նաեւ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից  որպես մարդասիրական օգնություն ստացված  եւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին  հատկացված թանկարժեք հակաուռուցքային դեղերին`  մասնավորապես` «Ավաստին»-ին, որի տրամադրումը մեծ գոհունակություն է առաջացրել հիվանդների շրջանակում:

Քննարկվեցին նաեւ Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ներկրվող սարքավորումները, բժշկական պարագաները, Երեւանի եւ մարզերի բժշկական կենտրոնների կարիքները գնահատելու, համատեղ աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: