Այն մասին, որ կրծքում գոյացությունը եւ արտաթորանքի մեջ արյունը կարող են քաղցկեղի նշան լինել, հավանաբար բոլորը գիտեն: Բայց կան այլ` պակաս հայտնի ախտանիշներ, որոնց քչերն ուշադրություն կդարձնեն: 

Ահա քաղցկեղի մի քանի ախտանիշ, որոնց մասին քչերը գիտեն եւ որոնց քչերը ուշադրություն կդարձնեն:  

Խռպոտածություն

Խռպոտածությունը հաճախ է ուղեկցում մրսածությանը, բայց եթե  2-3 շաբաթվա ընթացքում չի անցնում, պետք է դիմել բժշկի, որովհետեւ դա կարող է կոկորդի, պարանոցի կամ էլ ձայնալարերի քաղցկեղի ախտանիշ լինել: 

Գիշերային քրտնոտություն 

Գիշերային քրտնոտությունը կարող է մի շարք հիվանդությունների ախտանիշ լինել, որոնց թվին է պատկանում լիմֆոման` ավշային հանգույցների ուռուցքը: Քրտնոտությունը կարող է նաեւ դաշտանադադարի նշան լինել: Սակայն չարժե մոռանալ, որ Դուք կարող եք գիշերը շոգել չափազանց տաք ծածկոցի պատճառով: 

Այրոցներ

Չափազանց ճարպոտ կամ սուր ճաշից հետո շատերն այրոցների նոպաներ են ունենում: Բայց եթե այրոցները Ձեզ մշտապես են տանջում, արդեն  2-3 շաբաթ, դա կարող է ստամոքսի, կերակրափողի, ինչպես նաեւ ձվարանների կամ էլ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան լինել: 

Թիկունքում ցավեր

Թիկունքում ցավերը կարող են կապված լինել ոչ միայն մկանների եւ ոսկրերի, այլեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ:  

Դաշտանադադարից հետո վարդագույն արտադրություն

Վարդագույն արտադրությունը, ինչպես նաեւ դաշտանադադարից հետո ցանկացած դաշտանային արյունահոսությունը կարող է էնդոմետրիումի քաղցկեղի վաղ նշան լինել: 

Միզարտադրության խնդիրներ

Տարիքի հետ տղամարդկանց շագանակագեղձը մեծանում է, ինչը միզարտադրության խնդիրների է հանգեցնում. Օրինակ, տղամարդիկ ավելի հաճախակի են ուզում զուգարան գնալ, հատկապես` գիշերը: Սակայն միզարտադրության խնդիրները կարող են նաեւ շագանակագեղձի քաղցկեղի նշան լինել, այդ պատճառով չարժե անտեսել այդ ախտանիշը:  

Կլլելու դժվարություններ

Կլլելու դժվարությունները կարող են գլխի, պարանոցի, բերանի խոռոչի, ձայնալարերի կամ կերակրափողի քաղցկեղի նշան լինել: 

Ջրիկ կղանք

Եթե Ձեր կղանքի խտությունը կամ գույնը փոխվում է, կամ դրանում արյուն է հայտնվում, եթե աղիքների դատարկումը ցավերով է ուղեկցվում, եւ այդ ախտանիշները շարունակվում են արդեն ավելի քան 2 շաբաթ, պետք է բժշկի դիմել: Նույնիսկ ընդամենը ջրիկ կղանքը կարող է աղիքների, ձվարանների կամ էլ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան լինել: 

Մաշկի բորբոքում

Մաշկի ցանկացած բորբոքում, որն արդեն երկար ժամանակ է` չի անցնում, կարող է քաղցկեղի ախտանիշ լինել: Չնայած ամեն դեպքում ցանկալի է բժշկին ցույց տալ: 

Բերանում կամ լեզվի վրա խոցեր

Բերանում խոցիկները սովորաբար ի հայտ են գալիս վիրուսային վարակների հետեւանքով, սակայն եթե խոցիկներն արդեն 3-4 շաբաթ չեն անցնում, արժե դրանք ցույց տալ բժշկին: