Ռուսաստանում տղամարդկանց ավելի քան 30 տոկոսը էրեկտիլ գործառույթի խնդիրներ ունի: Ավելին, ինչպես հաղորդել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի համալսարանական կլինիկայի տնօրեն, հիմնարար բժշկության ֆակուլտետի ուռուցքաբանության եւ անդրոլոգիայի  ամբիոնի վարիչ Արմայիս Քամալովը, վերջերս այդ խնդիրները նկատելիորեն երիտասարդացել են: 

Մասնագետի խոսքով, էրեկցիայի հետ կապված խնդիրներն ամենից հաճախ ի հայտ են գալիս որոշ խրոնիկական հիվանդությունների առկայության պատճառով: Եվ եթե տղամարդը ժամանակին չդիմի մասնագետներին, կբախվի ոչ միայն էրեկտիլ դիսֆունկցիայի, այլեւ անհամեմատ ավելի լուրջ հիվանդությունների: 

Այսպես, իմպոտենցիայով հիվանդ ամեն երրորդի մոտ ուրոլոգները գործնականում հայտնաբերում են 2-րդ տեսակի չախտորոշված շաքարային դիաբետ, որը հանգեցնում է բոլոր անոթների, այդ թվում` սեռական անդամի արյան շրջանառությունը ապահովող անոթների վնասման:  Այդ անոթներն անհամեմատ ավելի փոքր են, քան սրտի եւ ուղեղային զարկերակի անոթները, այդ պատճառով դիաբետով հիվանդ տղամարդը նախ էրեկցիայի խնդիրների է բախվում, իսկ հետո կարող են ի հայտ գալ ուղեղի եւ սրտի կաթվածներ: 

«Խնդիրը սկսվում է էրեկտիլ դիսֆունկցիայից, իսկ հետո ի հայտ են գալիս կամ սրտի կաթվածներ, կամ` ուղեղի», - նշում է մասնագետը:

Արմայիս Քամալովը տղամարդկանց խորհուրդ է տվել ավելի ուշադիր հետեւել առողջական վիճակին, իսկ էրեկցիայի հետ կապված խնդիրների ի հայտ գալու դեպքում, ոչ միայն ուրոլոգի մոտ հետազոտություն անցնել, այլեւ` սրտաբանի:  Չէ՞ որ հենց սեփական առողջությանն անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքով են տղամարդիկ Ռուսաստանում իրենց կյանքի տեւողությամբ հետ մնում կանանցից. Ռուսաստանում կանայք 13 տարով ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ տարբերությունը 4 տարուց ավելի չէ: