ԱՄՆ-ում ամեն երկրորդ սեւամորթ գեյի եւ բիսեքսուալի մոտ նրա կյանքի ինչ-որ պահի ՄԻԱՎ են ախտորոշում, տեղեկացնում է ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը: 

Համեմատության համար, Կենտրոնի տվյալներով, կյանքի ընթացքում ՄԻԱՎ են ախտորոշում լատինաամերիկացի 4 գեյից  1-ի մոտ, իսկ սպիտակամորթ 11 գեյից ու բիսեքսուալից  1-ի մոտ: Միջին վիճակագրական ամերիկացու մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը`1-ը 99-ի, անհամեմատ ավելի ցածր է, քան մի քանի տարի առաջ (1-ը` 78-ի):

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները բացատրել են, որ սեւամորթ գեյերը եւ բիսեքսուալները ՄԻԱՎ-ով վարակվելու ավելի մեծ վտանգի են ենթակա մի շարք գործոնների պատճառով. նախ` բոլորովին էլ ամեն մեկին հասանելի չեն բժշկական որակյալ ծառայությունները, երկրորդ` նրանց մոտ բարձր է գործազրկության մակարդակը, երրորդ` որպես կանոն, նրանք քիչ գիտելիքներ ունեն ՄԻԱՎ-ի մասին: 

Կենտրոնին կից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի տնօրեն Եվգենի ՄաքԿրեյը նշել է, որ այդ տղամարդկանց մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկն անթույլատրելիորեն բարձր է եւ անհրաժեշտ է քայլեր ձեռք առնել դրա կանխարգելման ուղղությամբ: Եթե ոչինչ չարվի, հարյուր հազարավոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում ՄԻԱՎ-ով կվարակվեն: 

Հետաքրքիր է, որ Կենտրոնի տվյալներով, ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգն անհամեմատ ավելի ցածր է, քան սպիտակ հետերոսեքսուալների մոտ.  2500-ից ընդամենը մեկն է իր կյանքի ընթացքում վարակվում այդ վիրուսով: 

ՄԻԱՎ-ը սովորաբար փոխանցվում է չպաշտպանված սեռական ակտի ընթացքում` արյան միջոցով, ինչպես նաեւ թմրանյութերի ներարկման ժամանակ նույն ներարկիչն օգտագործելու հետեւանքով: ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ով ամենից հաճախ վարակվում են տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ: Ամեն տարի այնտեղ վարակի մոտ 40 000 նոր դեպք են գրանցում, որոնցից  10 000-ը վերաբերում է սեւամորթ գեյերի եւ բիսեքսուալների: