Ամերիկյան Ֆլորիդայի նահանգից երեք հղի կնոջ մոտ Զիկա տենդ են հայտնաբերել: Այդ մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով տեղի առողջապահության դեպարտամենտի հայտարարությունը:
Այդ հայտարարության համաձայն, վարակված կանայք ավելի վաղ մեկնել էին այլ երկրներ, սակայն չի ասվում, թե ճշգրիտ ուր:
Տվյալ տեղեկության ի հայտ գալուց հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը դիմել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնին (CDC) խնդրելով նահանգ հասցնել Զիկա վիրուսի հայտնաբերման 250 թեստ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ CDC-ն Զիկա վիրուսի սեռական եղանակով հնարավոր փոխանցման 14 նոր դեպք է ուսումնասիրում: Բոլոր դեպքերում այն տղամարդիկ, որոնք նախկինում ճանապարհորդել էին այն երկրներ, որտեղ տենդի բռնկում է արձանագրվել, կարող էին ԱՄՆ վերադառնալուց հետո վիրուսը սեռական եղանակով փոխանցած լինել իրենց զուգընկերներին: Վարակվածների մեջ հղի կանայք կան, որոնց մոտ հաստատվել է վարակը:
Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով եւ բնութագրվում է բարորակ ընթացքով: Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտնաբերվել էր Զիկայի մարդուց մարդուն փոխանցման առաջին դեպքը: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ ենթադրվում է, թե կարող է պտղի մոտ ուղեղի ծանր վնասվածքներով միկրոցեֆալիայի հանգեցնել, սակայն վիրուսի եւ այդ բնածին արատի կապը դեռ չի հաստատվել:






