Պլաստիկ վիրաբուժությունների մեծամասնության համար շատ ժամանակ է պահանջվում. պետք է վիրաբույժի հետ խոսել, մի շարք հետազոտություններ անցնել… Ինքը` վիրահատությունը եւս շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաեւ դրան հաջորդող վերականգնման գործընթացը: Սակայն կան պրոցեդուրաներ, որոնք հնարավոր է շատ արագ անել, նույնիսկ ճաշի ընդմիջման ընթացքում: Այդ պատճառով դրանք կոչվում են լանչթայմ պրոցեդուրաներ:
Ինչպես լրագրողներին պատմել է պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը, այսպես կոչված լանչթայմ-պրոցեդուրաները համեմատաբար թեթեւ, քիչ ինվազիվ պրոցեդուրաներ են, որոնց անցկացման համար ընդհանուր անզգայացում չի պահանջվում, որոնք քիչ ժամանակ են խլում եւ որանցից հետո երկարաժամկետ վերականգնման անհրաժեշտություն չի լինում: Հիվանդը կարող է գալ նման պրոցեդուրայի, անել եւ, օրինակ, վերադառնալ աշխատանքի:
Նման պրոցեդուրաներ են համարվում, օրինակ, դեմքի ձգումը (այսպես կոչված «լիֆթինգը»), ենթամաշկային թելերի ներմուծումը, ինչպես նաեւ ավելի հարթ մաշկ ունենալու համար բոտոքսի օգտագործումը: Իհարկե, քթի կամ կրծքի պլաստիկ վիրահությունների նման լուրջ վիրահատություններ անհնար է անել նման կարճ ժամանակում:
Լանչթայմ պրոցեդուրաները, ինչպես նշել է պլաստիկ վիրաբույժը, լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Շատ երկրներում դրանք անում են նույնիսկ գեղեցկության սրահներում: Սակայն Հայկ Ենոքյանի կարծիքով, կլինիկաներն այնուամենայնիվ նախընտրելի են սրահներից, որովհետեւ դրանցում նախ հնարավոր է սանիտարական պայմաններ եւ անվտանգություն ապահովել, երկրորդ, նույնիսկ նման պարզ պրոցեդուրաները հակացուցումներ ունեն, այդ պատճառով ցանկալի է, որ դրանք կատարեն մասնագետները, որոնք բժշկական կրթություն ունեն:






