Ամենատարբեր մարդիկ պլաստիկ վիրահատություններ են անում, բայց ընդհանուր առմամբ նրանց կարելի է երկու խմբի բաժանել, կարծում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: 

Առաջին խմբի մարդիկ, որպես կանոն, ինքնավստահ են, ուժեղ, համարժեք, նրանք կարողանում են ճիշտ գնահատել իրենց եւ իրենց արտաքինը: Նման մարդիկ կարող են հասկանալ, որ իրենք արտաքինի հետ կապված օբյեկտիվ խնդիր ունեն, որը հնարավոր է լուծել պլաստիկ վիրահատության օգնությամբ, ընդ որում այդ խնդիրը սովորաբար հորինված չէ, այլ լիովին իրական: Նման մարդիկ գիտեն, թե իրենց ինչ է պետք, գիտեն, թե ինչ արդյունք սպասեն:   Նրանք դիմում են պլաստիկ վիրաբույժին, վիրահատություն են կատարում, իսկ հետո իրենց հրաշալի են զգում, լիովին գոհ են արդյունքից եւ վերադառնում են նորմալ կյանքի:  

Երկրորդ խմբի մարդիկ սակայն այդպիսին չեն: Նրանք հաճախ կախված են  «արտաքին ատրիբուտներից» եւ, որպես կանոն, դժգոհ են լինում իրենցից եւ բավականաչափ ինքնավստահ չեն. նրանց թվում է, որ իրենց քիթը գեղեցիկ չէ, ոտքերը ծուռ են, աչքերի գույնը լավը չէ, մազերն են վատը եւ այլն: Գեղեցկության եւ կատարելության չափանիշները նրանց մոտ ոչ միշտ են համարժեք. նրանք ձգտում են  լրագրերում եւ ֆիլմերում իրենց ներկայացվող «իդեալին»` չհասկանալով, թե այդ իդեալները որքան հեռու են իրականությունից: 

Նման մարդիկ, պլաստիկ վիրաբույժին դիմելիս, ձգտում են ինքնավստահություն ձեռք բերել: Սակայն վիրահատությունը, նույնիսկ շատ հաջող, նրանց հազվադեպ է օգնում, որովհետեւ նրանց խնդիրն ի սկզբանե արտաքինը չէր: Շատ հաճախ մի վիրահատությունից հետո նման մարդիկ սկսում են գնալով ավելի հաճախ այցելել վիրաբույժներին, որովհետեւ կամ դժգոհ են լինում արդյունքից, կամ էլ ցանկանում են նորանոր վիրահատություններ կատարել: 

Լիլիթ Խաչատրյանի կարծիքով, պլաստիկ վիրահատություն անելուց առաջ, շատ կարեւոր է հասկանալ, թե այն ինչու է անհրաժեշտ կոնկրետ մարդուն: Օրինակ` իրականում անինքնավստահ կինը կարող է մտածել, թե քիթը փոխելով` կկարողանա վերադարձնել իր սիրելիին կամ էլ ավելի հետաքրքիր զրուցակից կդառնա: Հոգեբանը պիտի նրան բացատրի, որ նրա խնդիրը բոլորովին էլ քիթը չէ եւ որ այն չի լուծվի, իսկ մարդկանց հետ հարաբերությունները չեն կարգավորվի նույնիսկ եթե նա վիրահատի քիթն ու նույնիսկ եթե քիթն իդեալական դառնա: