Հայաստանում պլաստիկ վիրահատություններ են անում ամենատարբեր տարիքի մարդիկ` փոքր երեխաներից մինչեւ ծերեր, պնդում է պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը: Ընդ որում, տարբեր տարիքներում տարբեր պրոցեդուրաներ են ժողովրդականություն վայելում:
Նրա խոսքով, հաճախ ծնողները պլաստիկ վիրաբույժների մոտ են բերում իրենց երեխաներին, եթե վերջիններս բնածին արատներ ունեն, որոնք պլաստիկ վիրաբուժության օգնությամբ հնարավոր է շտկել: Վիրաբույժներին դիմելու ամենատարածված պատճառներից մեկը երեխայի լայնականջությունն է:
Միջին տարիքի մարդիկ արդեն պլաստիկ վիրաբույժներին են դիմում այլ խնդիրներով. ոմանք ցանկանում են քթի ձեւը փոփոխել, մյուսները` մեծացնել կամ փոքրացնել կուրծքը:
35 տարեկանից մեծ մարդկանց հիմնականում հետաքրքրում են մաշկի ջահելացման եւ ձգման վիրահատությունները: Այդ տարիքի կանանց շրջանում տարածված է նաեւ աբդոմինոպլաստիկան` փորի շտկման վիրահատությունը: Նման վիրահատությունները հատկապես այժմեական են այն կանանց համար, որոնց փորին երեխաների ծննդից հետո «գոգնոցներ» են մնացել:
Այսօր պլաստիկ վիրաբուժության մասնագետներին դիմում են նույնիսկ 70 տարեկանից մեծ մարդիկ, ընդ որում, ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ, պնդում է Հայկ Ենոքյանը: Սովորաբար նման հիվանդները ցանկանում են ազատվել կնճիռներից, ավելորդ ճարպերից. տղամարդիկ հույս ունեն վիրաբույժների օգնությամբ ազատվել փորից:
NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան, Հայկ Ենոքյանը նշել է, որ իր ամենատարեց հիվանդը 73 տարեկան տղամարդ էր: Նա կյանքում կայացած, ինքնավստահ մարդ էր, որը պատրաստվում էր երրորդ անգամ ամուսնանալ եւ ուզում էր փոխել քթի ձեւը:






