Որո՞նք են փորկապության առաջացման հիմնական պատճառները եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Այս ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը.

1. Հեղուկի անբավարարություն

Ինչպես նշեց գաստրոէնտերոլոգը՝ շատերը չեն խմում օրգանիզմին անհրաժեշտ քանակության ջուր, հենց այդ պատճառով էլ տառապում են փորկապությամբ:

«Եթե բժշկի կողմից հատուկ հակացուցումներ չկան, մարդը պետք է օրական 2-4 լ հեղուկ օգտագործի՝ ջուր, հյութեր կամ ապուրներ, - ասաց Մանասյանը: - Եթե մարդը չի խմում անհրաժեշտ քանակության ջուր, օրգանիզմը սկսում է ջուր վերցնել աղիներից, ինչի հետեւանքով աղիները ջրազրկվում են, սկսվում է փորկապություն»:

Այսինքն՝ եթե Դուք ապուրներ չեք ուտում եւ քիչ ջուր եք խմում, ժամանակն է վերանայել Ձեր սովորությունները: Բացի դրանից՝ շատ մասնագետների պնդմամբ՝ օրական 1.5-2 լ մաքուր ջուր խմող մարդկանց մաշկը եւ մազերն ավելի առողջ են լինում, քան «չոր» դիետայի սիրահարներինը:

2. Բջջանյութի անբավարարություն

Բջջանյութը, որն այլ կերպ անվանում են սննդային մանրաթելեր, հսկայական դեր ունի մարսողության գործում: Ինչպես բացատրեց գաստրոէնտերոլոգը՝ բջջանյութը նյութափոխանակության ժամանակ մնում է որպես ելքային նյութ եւ «ձեւավորում է» կղանքը: Եթե մարդը չընդունի անհրաժեշտ քանակության բջջանյութ, աղիները նորմալ չեն գործի, կառաջանա փորկապություն:

Մանասյանի խոսքով՝ սննդային բջջանյութերն օրգանիզմը ստանում է հիմնականում մրգերից ու բանջարեղենից: Հենց այս պատճառով նորմալ սննդակարգում բանջարեղենը պետք է շատ լինի: «Ընդ որում՝ նկատի է առնվում ոչ թե կարտոֆիլը, այլ կանաչ եւ ցողունային բանջարեղենը»,- նշեցՄանասյանը:

Բացի դրանից՝ բջջանյութի հարուստ աղբյուր է ցորենի թեփը: Եթե Դուք ուտում եք բավարար քանակության բանջարեղեն, բայց միեւնույն է, տառապում եք փորկապությամբ, գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել ցորենի թեփ: Այն կարելի է խառնել մածունի հետ, բավական համեղ կստացվի:

3. Նյարդեր

Փորկապության առաջացման երրորդ պատճառը կենսակերպն ու նյարդերն են: Գաստրոէնտերոլոգը նշեց, որ եթե մարդն անընդհատ լարված է եւ քիչ է հանգստանում, դա կարող է փորկապություն առաջացնել, նույնիսկ եթե նա ճիշտ է սնվում եւ բավարար քանակության ջուր խմում:

«Մի խոսք կա՝«Եթե ուզում ես բեռնաթափել աղիներդ, սկսիր ուղեղից»: Այսինքն՝ եթե մարդն ուզում է լավ նյութափոխանակություն ունենալ, պետք է հանգիստ լինի եւ փորձի չնյարդայնանալ»,- ասաց Հայկ Մանասյանը: