Հայաստանում 2016-ի ընթացքում արշավ կընթանա կրծքի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման նպատակով: Ինչպես նշել է Հայաստանում «Եվրոպա Դոննա» կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը, արշավի նպատակն է ինֆորմացիա տարածել այն մասին, թե ինչ բան է կրծքի քաղցկեղը եւ ինչու է այդքան կարեւոր դրա վաղ ախտորոշումը:
Արշավը մեկնարկում է մարտի 3-ին` բարեգործական համերգով, որը կընթանա Երեւանում` շատ հայ կատարողների եւ Էդգար Գյանջումյանի ղեկավարած մանկական երգչախմբի մասնակցությամբ:
Արշավի շրջանակում «Եվրոպա Դոննա» կազմակերպության հայկական ներկայացուցչության մասնագետները կմեկնեն նաեւ երկրի մարզեր եւ դասընթացներ կանցկացնեն բնակչության շրջանում: Դրանց ընթացքում նրանք մարդկանց կպատմեն, թե ինչ է կրծքի քաղցկեղը եւ ինչ մեթոդներով է հնարավոր ախտորոշել այն, արդյոք ախտորոշումն առողջության համար վտանգ է ներկայացնում, ինչու է պետք ժամանակ առ ժամանակ ստուգվել, նույնիսկ եթե որեւէ ախտանիշ կամ խնդիր չկա, եւ այլն:
Մասնագետների խոսքով, այսօր մարդկանց պակասում է քաղցկեղի մասին գրագետ տեղեկատվությունը: Համացանցում իհարկե շատ հետաքրքիր եւ օգտակար տեղեկատվություն կա, բայց կա նաեւ շատ «աղբ» եւ ապատեղեկատվություն, այդ պատճառով մարդկանց համար երբեմն դժվար է լինում կողմնորոշվել եւ հասկանալ, թե ինչն է ճշմարտություն, իսկ ինչը` հորինվածք: Մասնագետներն արշավի ընթացքում նրանց կօգնեն հասկանալ դա:
Երեւանում նախատեսված է նաեւ մի շարք ֆլեշմոբներ անցկացնել, որոնք եւս կօգնեն մարդկանց շրջանում ճիշտ, գրագետ տեղեկություններ տարածել քաղցկեղի մասին: Շատ գիտաժողովներ եւ միջոցառումներ, որոնց մասին մանրամասները դեռեւս հայտնի չեն, տեղի կունենան հոկտեմբերին, որը կրծքի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամիս է ճանաչվել:






