Չինացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում սպերմատոզոիդներ աճեցնել: Նման եղանակով ստեղծված տղամարդկային սեռական բջիջներն օգտագործվել են մկների բեղմնավորման համար, ինչը հաջող է անցել` հանգեցնելով հղիության եւ ավարտվելով առողջ ձագերի լույս աշխարհ գալով:
Հետազոտողները Սյաո-Յանգ-Ժաոյի (Xiao-Yang Zhao) գլխավորությամբ ցողունային բջիջներից սպերմատոզոիդներ են աճեցրել: Կրծողների էգերի մարմնում 191 բեղմնավորված ձվաբջիջ է տեղադրվել, ինչի արդյունքում 9 մուկ է ծնվել: Նրանք լիովին առողջ էին եւ վերարտադրողական տարիքի հասնելուց հետո ի վիճակի էին սերունդ տալ:
Գիտնականները կարծում են, որ նման մոտեցումը կօգնի պայքարել տղամարդկային անպտղության դեմ: Տղամարդկային անպտղության հիմնական պատճառն ամորձիներում սաղմնային բջիջների անկարողությունն է` անցնելու բջջային կիսման մեյոզ կոչվող տարատեսակով` գործառնական սպերմատոզոիդների ստեղծման համար:
Այս խնդրին բախված տղամարդիկ, ըստ էության, միայն մի ընտրություն ունեն` դոնորական սպերմատոզոիդների օգտագործումը: Բայց այժմ գիտնականներն ապացուցել են լաբորատորիայում մեյոզի ստեղծման հնարավորությունը: Այնտեղ աճեցված սպերմատոզոիդները կարող են տեղադրվել ձբավաբջջի մեջ, որպեսզի հետո տեղադրվեն արգանդում:






