Հակամանրէային սպիտակուցը կարող է ենթաստամոքսային գեղձի բջիջներին օգնել նորից ինսուլին արտադրել: Կանադացի գիտնականները Ֆրեյզեր Սքոթի գլխավորությամբ (Fraser Scott) կարծում են, որ հակամանրէային կատելիցիդին պեպտիդը կարող է օգտագործվել դիաբետի բուժման մեջ: 

Հեղինակները պարզել են, որ եւ ինսուլինը, եւ կատելիցիդինը արտադրվում են ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների կողմից: Հակամանրէային պեպտիդները օրգանիզմում սինթեզվում են մանրէների դեմ պայքարելու համար: Սակայն ենթաստամոքսային գեղձում կատելիցիդինը այլ գործառույթներ է իրականացնում, այն անհրաժեշտ է ինսուլին արտադրելու համար: 

Հետազոտությունները ցույց էին տալիս, որ դիաբետով տառապող առնետների մոտ կատելիցիդինի մակարդակը նվազած է: Պեպտիդի ներարկումները հանգեցնում էին ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնման եւ կենդանիների առողջական վիճակի բարելավման:  Բացի այդ, պեպտիդի ներմուծումն աղիքային միկրոբիոմի բաղադրության մեջ  փոփոխություններ էր առաջացնում` ազդելով դիաբետի հետ կապված մանրէների քանակության վրա:  

Հետազոտողները նախատեսել են շարունակել փորձարկումը: Նրանք հույս ունեն, որ իրենց կհաջողվի դիաբետի 1 եւ 2 տեսակների դեմ պայքարի նոր մարտավարություն մշակել: