Արեւմուտքում ընդունված է հոգեբաններին դիմել, նույնիսկ եթե դրա լուրջ անհրաժեշտություն չկա: Մեր մշակույթում մարդիկ առայժմ չեն շտապում դիմել մասնագետին, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի իրավիճակ եւ վիճակ, երբ հոգեբանի օգնությունը կարող է ավելորդ չլինել:
Եթե Դուք կորցրել եք հետաքրքրությունը կյանքի հանդեպ…
Եթե նախկինում Դուք շատ հետաքրքրություններ ու գործեր ունեիք, ձգտում էիք շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, շատ էիք աշխատում եւ փորձում էիք ամեն ինչ հասցնել, իսկ այժմ ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը կորցրել եք, դա արդեն հոգեբանին դիմելու բավարար պատճառ է:
Եթե անքնություն ունեք եւ կորցրել եք ախորժակը…
Հոգնածության զգացումը, անքնությունը եւ ախորժակի կորուստը կարող են հուզական ուժեղ հյուծվածության արդյունք լինել: Դրանք կարող են նաեւ դեպրեսիայի նշան լինել: Ամեն դեպքում եթե Դուք քնի եւ սննդի հետ կապված խնդիրներ ունեք, ցանկալի է խորհրդակցել հոգեբանի հետ:
Եթե հաճախ եք մտածում տհաճ դեպքերի մասին…
Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում լինում են տհաճ դեպքեր: Եթե դուք անընդհատ հիշում եք այդ դեպքերը, որոնք բացասական հույզեր են առաջացնում կամ էլ մտածում եք այն վատ դեպքերի մասին, որոնք տեղի չեն ունեցել, բայց կարող էին տեղի ունենալ, դա եւս հոգեբանի օգնությանը դիմելու առիթ է:
Եթե ոչ մեկը չկա, որի հետ կարողանաք խոսել…
Երբ մեր կյանքում որեւէ վատ բան է պատահում, մենք նախ եւ առաջ ձգտում ենք ընկերներին եւ բարեկամներին պատմել դրա մասին. նրանք կարող են աջակցել մեզ, օգնել հաղթահարել շատ բարդություններ: Սակայն եթե զգում եք, որ չկա մեկը, ում հետ խոսեք, եթե ոչ ոք պատրաստ չէ աջակցել Ձեզ, գուցե արժե հոգեբանի հետ զրուցել:






