Հղի կանայք, որոնք ացետամինոֆեն (ֆիրմային անվանումը ՝ Tylenol) են ընդունում, ավելի են ենթակա ուշադրության պակասի եւ գերակտիվության սինդրոմով (ՈՒՊԳՍ) երեխա ունենալու ռիսկին, ասված է նոր հետազոտության մեջ:
Երեխաների դեպքում, որոնց մայրերը հղիության ընթացքում ացետամինոֆեն են ընդունել, 40%-ով մեծ է եղել ՈՒՊԳՍ-ի ռիսկը՝ ըստ հետազոտության, որին մասնակցել է ավելի քան 64 000 դանիացի մայր եւ երեխա: Երեխաները ծնվել են 1996-2002թթ.: Բացի դրանից՝ ՈՒՊԳՍ-ի առաջացման ռիսկը մեծացել է մոր հղիության ժամանակ ընդունած ացետամինոֆենի քանակի հետ, ասում է հետազոտության համահեղինակ, Լոս Անջելեսում Քալիֆորնիայի համալսարանի համաճարակաբանության բաժնի (UCLA) ղեկավար բժիշկ Բեատա Ռիտցը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Առավել ուժեղ ազդեցությունն ակնհայտ դարձավ, երբ կինն ասաց, որ դեղը խմել է 6 շաբաթից ավել, եւ այն ավելի ուժեղ էր, եթե դեղն ընդունվել էր 20 շաբաթից ավել,- ասում է Ռիտցը:- Մենք միշտ կարծել ենք, որ ացետամինոֆենն անվնաս է եւ այն կարելի է խմել հղի ժամանակ, եւ հնարավոր է՝ դա այդպես է՝ 1-2 անգամ խմելու դեպքում: Բայց մշտապես խմելու դեպքում ռիսկը մեծանում է»:
Tylenol դեղամիջոցի արտադրող McNeil Consumer Healthcare ընկերությունը հայտարարել է, որ դեղի օգտագործման ուղեցույցում նշված է, որ հղի կանայք եւ կերակրող մայրերը պետք է այն ընդունելուց առաջ խորհրդակցեն բժշկի հետ:
Հետազոտության մեջ գիտնականները հաշվի են առել նաեւ հնարավորությունը, որ մանկական ՈՒՊԳՍ-ի պատճառը կարող էր լինել մոր հիվանդությունը, որը խթանել էր ացետամինոֆենի օգտագործումը:






