ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնները (CDC) հաղորդել են Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման երկու հաստատված դեպքի մասին:
«Զիկա վիրուսով հիվանդացման 14 դեպքից, որոնց մասին ՀՎԿԿ-ները հաղորդել էին այս շաբաթվա ընթացքում, հիվանդության փոխանցումը սեռական եղանակով հաստատվել է երկու դեպքում, ենթադրվում է` չորս դեպքի համար», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
CDC-ները տեղեկացրել են ինը այլ հղի կնոջ մասին, որոնք վարակվել էին այնպիսի երկրներ ուղեւորության ընթացքում, որտեղ հիվանդության բռնկում է արձանագրվել: Նրանցից երկուսը առողջ երեխաներ են ծննդաբերել, մեկը` բարդացած միկրոցեֆալիայով երեխա:
CDC-ները հղի ամերիկուհիներին նաեւ խորհուրդ են տվել Զիկա վիրուսի պատճառով չմեկնել Ռիո դը Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:
Օլիմպիական խաղերը բրազիլական մայրաքաղաքում կընթանան օգոստոսի 5-ից 21-ը: Սակայն իշխանությունները հղի ամերիկուհիներին զգուշացրել են չայցելել նաեւ պարաօլիմպիական խաղեր, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 7-ից 18-ը: Գերատեսչությունը նաեւ խորհուրդ է տվել այն հղի կանանց, որոնց զուգընկերները բրազիլական մայրաքաղաք են մեկնում, հղիության ընթացքում պաշտպանվել կամ էլ հրաժարվել սեռական հարաբերություններից:
Ավելի վաղ CDC-ն հաղորդել էր Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցման 14 նոր դեպքի մասին: Այդ դեպքերից երկուսում, նշել են մասնագետները, կանայք կարող էին վարակվել միայն վարակված զուգընկերոջից, որը ճանապարհորդել է այն երկրներում, որտեղ վարակի բռնկումներ են գրանցվել:






