Գարնանն ակտիվացող սեզոնային ալերգիաները բնորոշ են հատկապես 18-25 տարեկան երիտասարդներին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը:
«Երեխաների, տարեցների մոտ սովորաբար սեզոնային ալերգիաների դրսեւորումներ չեն լինում: Հիմնականում երիտասարդներն են հիվանդանում ալերգիայի այս տեսակով»,- նշեց նա:
Ալերգոլոգի խոսքով, սեզոնային ալերգիաները մարդիկ հաճախ սխալմամբ կապում են արեւի հետ, մինչդեռ դրանք առաջանում են ծառերի ծաղկման շրջանում, երբ օդում ծաղկափոշի է հայտնվում: Այս շրջանում, երբ սկսվում են ալերգիկ դրսեւորումները` քթահոսություն, արցունքահոսություն, հարբուխի նման երեւույթներ, մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի` կարծելով, որ սեզոնի փոփոխության հետ դրանք էլ կանցնեն:
«Նման մոտեցումը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ կարող է հանգեցնել հիվանդության խորացման: Սեզոնային ալերգիաների դեպքում բուժումը կատարվում է ալերգիկ սեզոնից դուրս` հանգիստ շրջանում, իսկ մարդիկ այդ շրջանում հիմնականում ուշադրություն չեն դարձնում եւ բաց են թողնում այդ փուլը»,- նշեց ալերգոլոգը:
Զարուհի Կալիկյանի խոսքով, սեզոնային ալերգիաների բուժման ամենաարդյունավետ տարբերակը հայտնաբերված ալերգենով բուժում իրականացնելն է:
«Եթե պարբերաբար նույն սեզոնին ալերգիկ երեւույթները կրկնվում են, ուրեմն պետք է հետազոտվել եւ հիմնավոր բուժում անել, ոչ թե ալեգիկ երեւյթները վերացնել: Ալերգենը հայտնաբերելուց հետո այն ներարկվում է մարդուն եւ մարդը դառնում է անընկալունակ դրա նկատմամբ», - նշեց ալերգոլոգը:






