Brec1 ռեկոմբինազան, որը մշակվել է Դրեզդենի տեխնիկական համալսարանի (TUD), Հայնրիխ Պետտեի ինստիտուտի (HPI) եւ Լայբնիցի անվան Փորձարարական վարակաբանության ինստիտուտի գիտնականների կողմից, կարող է ամբողջությամբ փոխել ՄԻԱՎ-ի բուժման մոտեցումները: Այդ դեղամիջոցն ի վիճակի է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց օրգանիզմից վերցված բջիջներում ոչնչացնել պրովիրուսը:
Ժամանակակից բժշկությունն առայժմ չի կարող բուժել ՄԻԱՎ-ը, այդ պատճառով նման հիվանդություն ունեցողները ստիպված են ամբողջ կյանքի ընթացքում հակառետրովիրուսային դեղամիջոցներ ընդունել, որոնց օգնությամբ հնարավոր է հիվանդությունը վերահսկողության տակ պահել: Եթե մարդկանց վրա Brec1-ի փորձարկումն արդյունավետ լինի, դա ՄԻԱՎ-ով հիվանդ միլիոնավոր մարդկանց լիակատար բուժման հույս կտա:
Կարեւոր է, որ այդ դեղամիջոցի հակավիրուսային ազդեցությունը չուղեկցվի որեւէ ցիտոտոքսիկ կամ գենոտոքսիկ երկրորդական հետեւանքով: Դեղամիջոցը վարակված բջիջներից ուղղակի «կտրում է» գենետիկական նյութը:
«Մոլեկուլային նշտարների սերունդը, որպիսին հանդիսանում է նաեւ Brec1 ռեկոմբինեզան, կփոխի բժշկությունը: Այդ ուղղության զարգացումն օգտակար կլինի ոչ միայն ՄԻԱՎ-ով վարակվածների համար, այլեւ գենետիկական հիվանդություններ ունեցող շատ մարդկանց: Շուտով մենք գենոմի վիրահատության նոր ժամանակաշրջանի վկաները կդառնանք», - ասել է պրոֆեսոր Ֆրենք Բակհոլին:
Նոր դեղամիջոցի լաբորատոր հետազոտությունները բավականին հաջող են անցել. 21 շաբաթ անց վարակված եւ «բուժված» բջիջներում ՄԻԱՎ-ի ոչ մի հետք չեն հայտնաբերել: Դեղամիջոցն իր արդյունավետությունն ապացուցել է նաեւ ՄԻԱՎ-ի մարդկային տեսակով վարակված մկների վրա: Առջեւում մարդկանց վրա փորձարկումներն են:
Այդ մասին պատմում է Nature Biotechnology ամսագիրը:






