Ինչու է քաղցկեղն ավելի հաճախ վնասում թոքերը եւ ոսկրերը եւ պակաս հաճախակի` գլխուղեղն ու փափուկ հյուսվածքները: Այդ հարցին պատասխանել են փորձել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները:
Քաղցկեղային հիվանդությունների բազմաթիվ տարատեսակներ կան, բայց դրանց ի հայտ գալու պատճառը գիտնականների համար առեղծված է մնում: Վերոհիշյալ համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երբ բջիջներն օրգանիզմի կարծր հյուսվածքներում, օրինակ` թոքերում եւ ոսկրերում «ներսից ճզմվում են», ավելի խոցելի են դառնում քաղցկեղ առաջացնող գենետիկական մուտացիաների առաջ:
Երբ ուռուցքն աճում է փափուկ հյուսվածքներում, ներառյալ ուղեղն ու ոսկրածուծը, նման գենետիկ անոմալիաները պակաս հավանական են: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը քաղցկեղի բջիջների շարժման եւ կիսման ընթացքում սթրեսային ազդեցությունն է: Որքան ավելի կարծր է հյուսվածքի կառուցվածքը, այնքան օրգանիզմի համար ավելի դժվար է վերականգնել վնասված ԴՆԹ-ները կամ գենետիկ մուտացիաները:
Այսպես, կարծր հյուսվածքներում զարգացող ուռուցքները մուտացիաների եւ քրոմոսոմային վարիացիաների 100 անգամ ավելի բարձր գործակից են ի ցույց դնում, քան փափուկ հյուսվածքներում ուռուցքները: Հետազոտության տվյալները լույս են սփռում քաղցկեղի եւ մարդու մարմնի տարբեր հատվածներում դրա ի հայտ գալու պատճառների ընկալման վրա: Ապագայում դա կարող է նպաստել հիվանդության բուժման եւ կանխարգելման ավելի արդյունավետ միջոցների առաջացմանը:






