Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը դեմ է Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության` էժան դեղերի գների կարգավորումից հրաժարվելու առաջարկին: Այդ մասին Երեւանում հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան` մեկնաբանելով  «Կոմերսանտ» թերթի այսօրվա հրապարակումը:

«Մեր դիրքորոշումն աներեր է: Այնպիսի իրավիճակում, երբ թոշակները դեռեւս ամբողջությամբ ինդեքսացիայի չեն ենթարկվել, երբ մեծացել է կենսական նվազագույնից պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը, չի կարելի  բարձրացնել  դեղամիջոցների էժան սեգմենտի գները» - ասել է նա: Վերոնիկա Սկվորցովան հիշեցրել է, որ Առողջապահության նախարարությունն այդ կապակցությամբ առաջարկել է  հակաճգնաժամային պլանում հատուկ ռեսուրսներ ներառել ռուսաստանյան դեղագործական արտադրությունների խթանման համար: Դա, նրա խոսքով, թույլ կտար մեղմել ներկայումս ի հայտ եկող լարվածությունները` միաժամանակ չբարձրացնելով գները եւ թույլ տալով պահպանել բնակչության համար այդ դեղերի մատչելիությունը:  

«Մենք հույս ունենք, որ ֆինանսա-տնտեսական դժվարությունները, որոնց բախվել ենք, ժամանակավոր են: Մենք հույս ունենք, որ այս ժամանակաշրջանը երկար չի տեւի եւ մեզ թույլ կտա չաղճատել այն քաղաքականությունը, որը մանրամասնորեն կառուցվել է մի քանի տարվա ընթացքում», - ասել է ռուսաստանցի նախարարը` մեկնաբանելով Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հայտարարությունն այն մասին, որ դեղագործական արտադրությունների սուբսիդավորումը ժամանակավոր միջոց է: 

Նա նշել է, որ   այժմ անհրաժեշտ է հակաճգնաժամային միջոցներ ձեռք առնել, իսկ դրանից հետո ուղղակի շարունակել գործել ճիշտ ուղղությամբ:  

Ինչ վերաբերում է Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության տվյալներին, որոնց համաձայն, 2015-ի հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանում դադարեցվել է  կենսական կարեւորություն ներկայացնող մոտ 300 դեղամիջոցի արտադրությունը, առողջապահության նախարարը նշել է, որ իր գերատեսչությունը ուշադիր հետեւում է տեսականուն:  Նրա խոսքով, թանկարժեք եւ միջին թանկության դեղերի սեգմենտում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի: Ինչ վերաբերում է էժան սեգմենտին, այստեղ ռուսաստանյան եւ արտասահմանյան դեղամիջոցների համար իրավիճակը տարբեր է: 

«Ռուսաստանյան դեղամիջոցների առումով մեր վերլուծությունը վկայում է, որ այն,  ինչ կարող ենք կորցնել,   բնակչության համար բոլորովին վճռորոշ չէ, որովհետեւ որպես կանոն, դրանք այն դեղամիջոցներն են, որոնք հեշտորեն փոխարինվում են նմանակներով: Ներմուծված դեղամիջոցների պարագայում իրավիճակը մի քիչ ավելի լուրջ է այն առումով, որ կրճատվել է դեղամիջոցների միջազգային չարտոնագրված անվանումների քանակը, բայց դրանք այն դեղամիջոցները չեն, առանց որոնց կյանքը կանգ կառնի», - ասել է Վերոնիկա Սկվորցովան: