Ռուսաստանն առաջարկում է կենսաբանական սանիտարային միասնական տարածք ստեղծել եւ կենսաբանական անվտանգության միասնական տարածք` դիմակայելու ժամանակակից աշխարհի այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Էբոլա կամ Զիկա տենդերը: Այդ մասին Երեւանում ընթացող նախարարական «Հանրային առողջապահության մարտահրավերներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Այդ ուղղությամբ համատեղ աշխատանք ենք կատարում», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ ենք դիմակայել նոր վիրուսների հետ կապված մարտահրավերներին, ռուսաստանցի նախարարը պատասխանել է. «Առայժմ պատրաստ ենք»:
Միաժամանակ նա նշել է, որ Էբոլա եւ Զիկա վիրուսները նոր վիրուսներ չեն: Դրանք բնական օջախային վարակներ են, որոնք բնորոշ են երկրագնդի որոշակի տարածքների` որոշակի կլիմայով եւ վիրուսների որոշակի կրողներով` մոծակներով, կապիկներով կամ չղջիկներով:
«Խոսքն այն մասին է, որ որոշակի հանգամանքների բերումով այդ վարակները փոխում են իրենց բնութագրերը, ավելի վարակիչ են դառնում եւ հանգեցնում են այնպիսի հետեւանքների, որոնց նախկինում չեն հանգեցրել: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այդ երեւույթները: Միկրոկենսաբանության, վարակաբանության եւ մակաբուծաբանության ռուսաստանյան առաջատար գիտական կենտրոնները զբաղվում են դրանով: Մենք նոր թեստ-համակարգեր ենք մշակում, եւ այդ համակարգերը բնութագրվում են շատ բարձր զգայունությամբ եւ առանձնահատուկ բնույթով: Բացի այդ, ինչպես կանխարգելիչ, այնպես էլ բուժիչ դեղամիջոցներ են մշակվում: Մենք երջանիկ կլինենք այդ աշխատանքի արդյունքները ներկայացնել մեր բարեկամներին եւ գործընկերներին», - ասել է նա:






