Արգենտինայում այս տարվա սկզբից դենգե տենդով հիվանդացման մոտ 15 հազար դեպք է արձանագրվել: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Խորխե Լեմուսը:  

«Այս պահին տեղեկություններ կան Արգենտինայում դենգեի    15 հազար դեպքի մասին, դրանց 10 տոկոսն առայժմ չի հաստատվել», - նշել է գերատեսչության ղեկավարը: Լեմուսի խոսքով, սա  տենդի ամենալայնածավալ համաճարակն է 2009-ից ի վեր, երբ  30 հազար մարդ էր հիվանդացել դենգեով: 

Ներկա պահին դենգեն տարածվել է Արգենտինայի 23 նահանգից 15-ի տարածքում: Առայժմ մահացու դեպքեր չեն գրանցվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Դենգե տենդը վիրուսային վարակ է, որը գերակշռում է արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում: Դրա ախտանիշներն են բարձր ջերմաստիճանը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը եւ գոտկատեղի ցավերը: Տենդի արյունահոսային տարբերակն ուղեկցվում է ներքին ուժեղ արյունահոսություններով:  Դենգեի փոխանցողները  Aedes aegypti տեսակի մոծակներն են, որոնք կարող են նաեւ Զիկա եւ չիկունգունյա վիրուսների տարածողներ լինել: