Խրոնիկական սթրեսն արագացնում է քաղցկեղի տարածումը, պարզել են Մոնաշի համալսարանի ավստրալացի գիտնականները: Այդ բացահայտումը կարող է փոխել քաղցկեղային հիվանդների բուժման միջոցը, նշում է The Age-ը:

Հետազոտության ընթացքում մկների վրա փորձարկումներ են իրականացվել, որոնք ցույց են տվել, որ խրոնիկական սթրեսը ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջացնում, որոնց հետեւանքով քաղցկեղային բջիջները սկսում են ավելի արագ շարժվել եւ տարածվել մարմնի այլ մասերում: 

Արդյունքում սթրեսային պայմաններում գտնվող մկներն օրգանիզմում քաղցկեղի տարածման անհամեմատ ավելի բարձր մակարդակ ունեին վերահսկիչ խմբի իրենց  եղբայրակիցների համեմատ, որոնք սթրեսի չէին ենթարկվել:  

Երեւում է` պատճառը սթրեսային իրավիճակների հետ կապված ադրենալինն է: Այն մեծացնում է ուռուցքի հատվածում ավշային անոթների քանակը եւ չափը: Միաժամանակ այդ անոթներում աճում է հեղուկի հոսքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ բարձրանում է ավիշների` ամբողջ մարմնով չարորակ բջիջներ տեղափոխելու եւ տարածելու կարողությունը: 

«Մենք պարզել ենք, որ խրոնիկական սթրեսն ակտիվացնում է սիմպատիկ նյարդային համակարգը եւ խորապես ազդում է ավշային գործառույթի եւ քաղցկեղային բջիջների տարածման վրա», - պատմել են գիտնականները հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարկվել են  Nature Communications ամսագրում:

Գիտնականները հետեւել են տագնապի եւ արյան բարձր ճնշման դեմ դեղամիջոցներ (բետա-արգելակիչներ, որոնք կտրում են ադրենալինի ազդեցությունը) ընդունող մի քանի հիվանդի: Պարզվել է, որ այդ մարդկանց մոտ ավելի հազվադեպ է քաղցկեղի երկրորդական զարգացում արձանագրվել, այսինքն քաղցկեղն ավելի հազվադեպ էր տարածվել մարմնով: Այժմ Փիթեր Մակկալլումի քաղցկեղային կենտրոնում հետազոտողները փորձարկում են կրծքի քաղցկեղով հիվանդների վրա այն դեղամիջոցների ազդեցությունը, որոնք արգելափակում են ադրենալինը: