Հայաստանում 2015թ. ընթացքում իրականացվել է 22 215 նորածնի հետազոտություն, հայտնաբերվել է լսողական խնդիրներով 13 երեխա, որոնք վերցվել են հաշվառման եւ կստանան համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանում 2008 թվականից իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ: Վաղ հասակում, մինչ երեխայի խոսքի զարգացումը խլություն հայտնաբերելու, լսողական ապարատով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը եւ հետագայում սոցիալական ադապտացիան:

Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2-ի մոտ հայտնաբերվում է լսողության խանգարում:

 Տարեցտարի սկրինինգում ներգրավված բուժհաստատությունների ցանկը ընդլայնվում է` շնորհիվ նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների աջակցության:

Այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն ու վերականգնմանը և կրում են «Երեխաների լսողության խանգարումներ. Կանխարգելենք հիմա, ահա այսպես» խորագիրը:

Հիշեցնենք, որ այսօր, մարտի 3–ին, ականջի առողջության ու լսողության միջազգային օրն է։