Երջանիկ իրադարձությունները կարող են սրտային անբավարարության պատճառ դառնալ, պարզել են գիտնականները: Այդ մասին ասված է   European Heart Journal ամսագրում հրապարակված հոդվածում:

Բժիշկներն ամբողջ աշխարհից 1750 հիվանդի են ուսումնասիրել, որոնց մոտ տարածված սրտային հիվանդություններից մեկը` տակոցուբոյի կարդիոմիոպատիա էր ախտորոշվել: 

Արդյունքները ցույց են տվել, որ 485 մարդու մոտ սրտային անբավարարությունն ի հայտ էր եկել ակնհայտ հուզական ապրումի հետեւանքով: Ընդ որում, կամավորների   20 տոկոսի մոտ կատալիզատոր էին դարձել երջանիկ իրադարձությունները` թոռան ծնունդը, սիրելի ֆուտբոլային թիմի հաղթանակը, որեւէ հարսանիք կամ ուղղակի ծննդյան օրվա առիթով երեկույթ: 

Մնացածների մոտ սրտի հետ կապված խնդիրների 96 տոկոսն  ի հայտ էր եկել բացասական եւ տխուր իրադարձությունների հետեւանքով: Մարդկանց վրա ամենից շատ ազդել էր հարազատների մահը եւ ամուսնալուծությունը: 

Գիտնականները եւս մի հետաքրքիր փաստ են նկատել. երկու խմբում էլ հիվանդների մեծամասնությունը մոտ 65 տարեկան կանայք էին: Այսինքն նրանք վտանգի գոտում էին: 

Մասնագետները հույս ունեն, որ ստացված տեղեկությունները ռեանիմատոլոգների եւ սրտաբանների կողմից կօգտագործվեն այն հիվանդների զննման ընթացքում, որոնք հիվանդանոց են գալիս ուրախ տոնակատարությունից հետո սրտի ցավից գանգատներով: