ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը խորհուրդ է տալիս սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին եւ հիպերտոնիկ հիվադներին գարնանը դիմել իրենց բուժող բժիշկներին, քանի որ այս սեզոնին նրանց մոտ սրացումներ է լինում:
«Գարնանը արյան շրջանառության եւ բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը ակտիվանում են: Դա առաջին հերթին անդրադառնում է այն հիվանդների վրա, որոնք խնդիրներ ունեն անոթային համակարգի եւ սրտի հետ: Հատկապես հիպերտոնիկ հիվանդները եւ սրտային անբավարությամբ հիվանդները ունենում են որոշակի սրացումներ: Ես խրոնիկ հիվադներին խորհուրդ եմ տալիս սեզոնային փոփոխությունների ժամանակ դիմել իրենց բժիշկներին եւ որոշակի շտկումներ անել իրենց բուժման մեջ»,- այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանը:
Համլետ Հայրապետյանի խոսքով` հանրապետությունում մահացությունների ընդհանուր թվի 48 տոկոսը բաժին է հասնում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացություններին:
«Սա լուրջ առողջապահական եւ սոցիալական խնդիր է: Այս հիվանդություններից մահացության մակարդակը բարձր է, քանի որ մենք ուշ ենք դիմում բժշկի, հետեւողական չենք մեր առողջության եւ նշանակված բուժման հարցում: Իսկ այս չբուժված հիվանդությունները տանում են սուր սիրտ-անոթային խանգառումերի` սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի եւ ուղեղի կաթվածը, որոնք սիրտ-անոթային հիվանդություններից մահացության մեջ կազմում են առյուծի բաժինը»,-նշեց սրտաբանը:
Համլետ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդների թիվը հասնում է մոտ 500 000-ի, սա այն դեպքում, երբ շատ հիվանդներ չեն հետազոտվում եւ ախտորոշում չի իրականցվում:
Սրտաբանը հավելեց, որ սիրտ-անոթային հիվանդություններով տառապում է բնակչության մեկ երրորդը: Նրա խոսքով` հիվանդությունների նախանշաններն են` կրծքավանդակի շրջանում սուր ցավը եւ ծակոցները, հիշողության մթագնումը, հեւոցը եւ ծանր շնչառությունը:






