Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը խոստացել է երաշխավոր հանդիսանալ օրթոպեդիկ արտադրանք թողարկող իրանական  CHIPSO ընկերության համար, որը Հայաստանում «Armenorthopedic support» համատեղ ձեռնարկություն է ստեղծել եւ հույս ունի, որ իր արտադրանքը Հայաստանով կարտահանի Ռուսաստան եւ Եվրոպայի երկրներ: 

Երեւանում ընթացող «Առողջապահություն եւ դեղագործություն» ցուցահանդեսին    «Armenorthopedic support» ՀՁ-ի տնօրեն Էդվին Խոդավերդին փոխնախարարի հետ զրույցում նշել է, որ իր իրանցի գործընկերը զգուշանում է Հայաստանում ներդրում անելուց, ինչին ի պատասխան Գագիկ Միրիջանյանը խոստացել է երաշխավոր հանդիսանալ: 

«Մեզ համար շատ կարեւոր է, որ արտադրությունը Հայաստանում լինի եւ նախարարությունը պատրաստ է աջակցել այդ հարցում», - ասել է նա:

Էդվին Խոդավերդիի խոսքով, ընկերությունը Հայաստանում առաջին քայլերն է անում, բայց արդեն արտադրանք է թողարկել made in Armenia պիտակով, իսկ Իրանում  CHIPSO-ն իր ոլորտում շուկայի առաջատարն է: CHIPSO-ն օրթոպեդիկ սեղմիրաններ, բանդաժներ,  ծնկակապեր, արմնկակապեր եւ օրթոպեդիկ այլ արտադրանք է թողարկում: