Անհնարին է անվերջ արդյունքներ ապահովել միայն կառավարման օպտիմալացմամբ, բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, էնտուզիազմով ու անձնուրաց աշխատանքով։ Այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով հանրային քննարկումների ժամանակ:
«Իրականությունն այն է, որ մենք մեր հարեւան երկրներից 3 անգամ պակաս գումար ենք հատկացնում հղիությունը վարելու համար։ Ընդ որում, նախատեսվող հետազոտությունների ծավալները նրանց մոտ կրկնակի անգամ մեծ են։ Մենք 4 անգամ պակաս միջոցներ ենք հատկացնում հղիության ախտաբանության, 2.5 անգամ պակաս՝ թերհաս երեխայի բուժման համար»։
Արմեն Մուրադյանի խոսքով դեռահաս աղջիկների 11 տոկոսի մոտ վերարտադրողական ախտաբանությունների առկայության դեպքում նրանց հետազոտումը կազմակերպվում է 3 հազար դրամով, ինչը 4 անգամ պակաս է, քան հարեւան երկրներում։ «Ավելին ասեմ՝ ախտաբանության հայտնաբերման դեպքում մենք ծրագիր չունենք։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերանայենք մոտեցումներն ինչպես անպտղության, այնպես էլ` հղիության ախտաբանության եւ վերատադրողական առողջության այլ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց նախարարը։ Դա է պարտադրում ժողովրդագրական ներկա իրավիճակի բարելավման, ժողովրդագրական-առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության նվազման միտումների կանխման անհրաժեշտությունը։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ նախարարությունը պատրաստ է հիմնավորել ծրագրի առողջապահական բաղադրիչում ներառված ցանկացած առաջարկ։
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւս փաստեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումն անհնար է պատկերացնել առանց ծնունդների ավելացման։ Այդ իսկ պատճառով քննարկվեցին նաեւ մայրության եւ բազմազավակության հարցեր։
Մահացության եւ ծնելիության ցուցանիշները բնութագրում են յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական իրավիճակը: «Ժողովրդագրական ցուցանիշների շարքում մեզ համար մտահոգիչ է մնում ծնելիությունը, որը վերջին տարին մեր երկրում նվազել է»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` այսօր քննարկման առանցքում է ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը, առկա կարիքների գնահատումը եւ դրանց լուծմանն ուղղված հետագա մեթոդաբանության մշակումը:
Ծնելիության ցուցանիշով, Հայաստանը շատ առաջ է զարգացած երկրներից, բայց միտումները տանում են նրան, որ հետագայում այդ ցուցանիշը կրկնակի կնվազի: «Հայաստանում վերջին տարիներին նվազել է ծնելիությունը` համեմատած 90-ականների սկզբի, երբ ծնվում էր 80 հազար երեխա։ Այս տարիներին գրանցվում է 40-42 հազար ծնունդ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Համաձայն փորձագիտական գնահատականների` 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 90-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, փոխարինելու է գալու աղջիկների 15 հազարանոց բանակը (2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ աղջիկների թիվը կլինի 15 հազար): «Այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է 8.5 միլիարդ դրամ` ապահովելով 43 հազար ծնունդ: Ծրագիրը, որը մենք ներկայացրել ենք, տպավորություն է ստեղծել, թե մենք ապահովելու ենք 1300 երեխայով ավելի ծնունդներ: Մենք առաջարկել ենք ոլորտին հատկացնել 14 միլիարդ դրամ գումար միայն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման համար»,-մանրամասնեց նախարարը:






