Հայաստանում այսօր ռուսաստանյան սանկտպետերբուրգյան գիտատեխնիկական դեղագործական «Պոլիսան» ընկերության միայն մի դեղամիջոց է գրանցված, բայց ընկերությունը հույս ունի մինչեւ տարվա վերջ հայկական շուկա հանել իր ամբողջ շարքը` հաշվի առնելով, որ տարեվերջին ԵԱՏՄ-ի շրջանակում այլեւս դեղամիջոցների գրանցման կարիք չի լինի:

Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության ղեկավար Վալերի Կոմարովը: «Պոլիսան» ընկերությունը մասնակցում է Երեւանում ընթացող «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսին: 

Կոմարովի խոսքով, ամեն դեպքում իրեն այդպես է ասել Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը ցուցահանդես այցելության ընթացքում: Եվ իր համար դա նորություն էր, մինչ այդ ընկերությունը ռազմավարություն էր մշակում իր մնացած դեղամիջոցները Հայաստանում գրանցելու համար: 

Վալերի Կոմարովը նշել է, որ «Պոլիսանը» կենսական կարեւորություն ունեցող էժան եւ միջին էժանության գնային սեգմենտի ցուցակում ընդգրկված դեղամիջոցներ է արտադրում: 

Ինչ վերաբերում է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության առաջարկին այն մասին, որ Ռուսաստանում հանվեն էժան դեղամիջոցների գնի վրա դրված սահմանափակումները,  Կոմարովը նշել է, որ իր ընկերությունը ջանում է, որ իրենց արտադրանքը մատչելի լինի անկախ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության որոշումներից: «Սահմանափակումը կհանվի, թե չի հանվի, մենք դրանից կախված չենք», - ասել է նա: 

Նա նշել է, որ «Պոլիսանը» ամբողջական արտադրական ցիկլ է ապահովում գիտական մշակումից, հումքի արտադրությունից մինչեւ պատրաստի դեղամիջոցի արտադրություն, եւ կախված չէ դոլարի տատանումներից։ Այսպիսով այն կարող է իր գնային քաղաքականությունը վարել, առանց արժույթից կախման մեջ լինելու: