Երեւանում փետրվարի 26-ին բացվեց «Սիրմեդ» ամբուլատոր  ախտորոշիչ բժշկական կենտրոնը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին,  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում եւ ծանոթացել սպասարկման պայմաններին: Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր, եւ այն ծառայություններ է մատուցելու 3 հիմնական ուղղվածությամբ՝ Լաբորատոր հետազոտություններ, Դիագնոստիկ  (ախտորոշիչ ) եւ Էսթետիկ ծառայություններ: Կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ձեռք են բերվել համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR եւ մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի  դեկոմպրեսիոն սարք /ExtenTrac Elite- M3D/, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության եւ սրտաբանական ախտորոշման սարքավորումներ, որոնք համալրված են նաեւ կարեւոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի /Zephyr Life/ նորագույն համակարգով:

Սիրանուշ Մարտիրոսյանը հավելել է, որ բժշկական կենտրոնը կմատուցի նաեւ թերապեւտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաեւ մաշկաբանական  ծառայություններ եւ որ բոլոր այդ ծառայությունները կմատուցվեն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: