Ամերիկյան սրտաբանների ասոցացիայի աշխատակիցները պարզել են, թե որ աշխատանքն է բացասաբար ազդում սրտանոթային համակարգի վրա ու նպաստում ճարպակալմանը:
Գիտնականները վերլուծել են 45 տարեկանից մեծ 5566 մարդու տվյալներ: Փորձի բոլոր մասնակիցները մինչ այդ չէին բողոքում սրտի հիվանդություններից ու երբեւէ սրտի նոպա չէին ունեցել: Բժիշկները չափում էին նրանց ճնշումը, շաքարի ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը, վերլուծում նրանց սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունն ու քաշը:
Այդ հետազոտության արդյունքներով մասնագետները կազմել են քաշի ու սրտի առողջության համար ամենաանբարենպաստ մասնագիտությունների ցանկը: Ռիսկի գոտում են հայտնվել մենեջերները, բժիշկները, իրավաբանները, գործարարները ու հաշվապահները: Փորձագետների խոսքով, նրանք բոլորը հաճախ են սթրեսի ենթարկվում,որը փորձում են հաղթահարել անառողջ սննդի միջոցով: Այդուհանդերձ, այս մասնագիտություններով զբաղվողներից շատերը նաեւ մարզասրահ էին հաճախում, ձգտում ավելի շատ շարժվել, ընդ որում նրանց շրջանում ծխողները ընդամենը 6 տոկոս էին կազմում:
Մի քիչ ավելի վատ են խոհարարների ու հանրային սննդի ոլորտի մյուս աշխատակիցների գործերը: Բժիշկները հավաստիացնում են, որ հանրային սննդի աշխատակիցների 75 տոկոսը չեն դիմանում գայթակղությանը ու ավելի շատ են ուտում, քան իրականում անհրաժեշտ է:
Սրտանոթային հիվանդություններից ու թոքերի հիվանդությունների զարգացումից մահվան վտանգը սպառնում է նաեւ բեռնակիրներին: Նրանց այս ցուցանիշով հաջորդում են ոստիկանները ու հրշեջ ծառայությունների աշխատակիցները: Բժիշկները պարզել են, որ նրանց 75 տոկոսը խոլեստերինի բարձր մակարդակ ունի, իսկ 35 տոկոսը՝ բարձր ճնշում:
Առողջության համար ամենաանբարենպաստ ոլորտը, ըստ Սրտաբանների ամերիկյան ասոցացիայի, առեւտուրն է: Վաճառականները հաճախ են սթրես զգում, 68 տոկոսը վատ է սնվում, իսկ 69 տոկոսի մոտ էլ բարձր է խոլեստերինի մակարդակը:
Վնասակար է նաեւ ագարակատերերի գործը: «Չնայած նրանք լավ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեն, բայցեւայնպես նրանց սննդակարգում օգտակար մթերքները քիչ են: Ցավոք, նրանք նախընտրում են անառողջ սնունդը»,- նշեց Մինեսոթայի Մայո կլինիկայի սրտաբան Շերոն Հեյսը՝ նկատի ունենալով ամերիկացի ագարակատերերին:
Սրտաբանները վնասակար մասնագիտությունների ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել, օրինակ ավելի հաճախ աստիճաններ բարձրանալ: Նաեւ իրենց հետ աշխատավայր տանել առողջ սննդակարգի սկզբունքներով պատրաստված ուտելիք, որպեսզի քաղցրավենիքով կամ ֆաստֆուդով քաղցը հագեցնելու գայթակղություն չլինի:






