«Ապրելը հրաշալի է» հայտնի հեռուստահաղորդման հաղորդավարուհին հերթական անգամ հանրությանը ցնցել է իր արտասովոր կարծիքներով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ելենա Մալիշեւան անդրադարձել է տղամարդկային ագրեսիայի թեմային: Նա հայտնել է, որ տղամարդկային անզսպությունը կարող է օրգանիզմում ուռուցքային գործընթացի նշան լինել: Այդ խնդրի վերաբերյալ դատողություններ անելիս Մալիշեւան բոլորի համար անսպասելիորեն ասել է. «Ավելի լավ է` ամուսինը դավաճանի, քան հիվանդ լինի»:
Եթե ամուսինն անսպասելիորեն ջղային է դարձել, պետք է չորս թեստ անցնի` համոզվելու, որ նրա ագրեսիայի պատճառն առողջության հետ կապված խնդիրները չեն, բացատրել է հեռուստաաստղը:
«Նորմալ էր, սիրում էր կնոջը, երեխաներին, հանկարծ ատելության նոպաներ, հայհոյանք, սկանդալներ: Եվ կինն ինչ է սկսում մտածել: Ամեն տեսակ հիմարություն: «Նա ինձ դավաճանում է...»: Մենք բոլորս կենցաղային պատճառներ ենք փնտրում: Մեր խորհուրդն է` դրա էությունը պարզել: Ավելի լավ է` դավաճանի, քան ուղեղի ուռուցք ունենա», – հայտնել է Ելենա Մալիշեւան:
Նա պարզաբանել է, որ երբեմն չարացածությունը կապված է գլխուղեղի ճակատային հատվածում ուռուցքի զարգացման հետ: Այդ պատճառով Մալիշեւան խորհուրդ է տվել` երբ տղամարդու բնավորությունն անսպասելիորեն վատանում է, գլխուղեղի ՄՌՏ անել: Նրա գործընկերը նյարդային տղամարդկանց խորհուրդ է տալիս մեզի անալիզ հանձնել` պարզելու մետանեֆրինների մակարդակը, որոնց մեծ քանակությունը մակերիկամների հետ կապված խնդիրների մասին է վկայում: Նման խնդիրներից մեկը կարող է լինել այդպիսի ուռուցքը:
Ելենա Մալիշեւայի խոսքով, առանց պատճառի զայրույթի եւ ագրեսիայի մեկ այլ պատճառ կարող է լինել արյան մեջ շաքարի ցածր մակարդակը: Հեռուստահաղորդավարուհու եւ նրա գործընկերուհու կարծիքով նման դեպքում օգտակար կլինի ոչ միայն լավ կերակրել տղամարդուն, այլեւ համոզել, որ գլյուկոզայի անալիզ հանձնի:
Բոլորովին ավելորդ չի լինի ստուգել պարանոցի անոթները: «Գուցե քներակի վրա անոթավոր շերտիկ է հայտնվել, որը փակել է արյան հոսքը դեպի ուղեղ եւ ուղեղի միկրոկաթվածի վտանգ է ստեղծել», - պարզաբանել է Մալիշեւան:






